Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի

10:54 - 15 Նոյ, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը  Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ:

Հավաքականում ընդգրկվել են՝ Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գեւորգի Կետոեւը (երկուսն էլ՝ 97 կգ):

Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ այս անգամ հնարավորություն են տվել նաեւ երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի ազգային հավաքականի համար:

Կուրղինյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այդ արդյունքներով կձեւավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի 2018 թվականի կարեւորագույն առաջնություններին:  

Այլ նորություններ