Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք. Արթուր Դավթյան

10:30 - 29 Հոկ, 2015

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում Գլազգոյից պատմեց, թե ինչպես է հիմա իրեն զգում և խոսեց Ռիոյի ուղեգրի մասին:

«Մրցաշարի մեկնարկից առաջ ինձ այդքան էլ լավ չէի զգում: Նույնիսկ այստեղ գալուց հետո դրական փոփոխություն չկար: Երևանում մոտ մեկ շաբաթ չէի մարզվել և Գլազգո գալուց հետո միայն սկսել եմ նորից մարզվել: Միայն աշխարհի առաջնության մեկնարկից 3 օր առաջ նոր ինձ ավելի լավ էի զգում: Այդ բաց թողած մեկ շաբաթը ինձ ինչ որ տեղ հետ գցեց: Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք»,-ասաց նա:

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:

Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին կմասնակցեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ