Արայիկ Բաղդադյան. Մեր թիկունքին կանգնած է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը

10:47 - 28 Հուլ, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այս գիշեր վերադարձավ Երեւան:

Ամփոփելով Եվրոպայի առաջնությունում մեր պատանի ըմբիշների մրցելույթները՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասաց.

«Մասնակցությունն ընդհանուր առմամբ գոհացնող է: Շատ լավ կամ գերազանց չեմ կարող ասել, որովհետեւ չունենք չեմպիոններ: Այս պատանիները, որոնցից շատերն առաջին անգամ մտան եվրոպական մրցագորգ, մեր վաղվա երիտասարդներն են, հետո համալրելու են մեծահասակների հավաքականը:

Ուրախացնում է, որ այս 16, 17 տարեկան մարզիկները տպավորիչ հաղթանակներ տարան: Տղաները բացթողումներից էլ զերծ չէին՝ մի քանի գոտեմարտերում տակտիկական սխալներ թույլ տվեցին, բայց հակառակն էլ եղավ,  երբ պարտություն կրելուց հետո կարողացան հավաքվել ու մեդալի համար գոտեմարտերում փայլուն հաղթանակներ տարան, այդ թվում նաեւ ժամկետից շուտ:

Հատկապես ուրախացնում է, որ վերջին տարիներին պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների մեջ ծանր քաշային կարգում մեդալներ ենք ունենում, ինչը հույս է տալիս, որ երեք-չորս տարի հետո այդ քաշային կարգի ազգային հավաքականը կհամալրվի տեղի կադրերով:

Պիտի նշեմ նաեւ անձնական ու հավաքականների մեր մարզիչների աշխատանքը, որոնք կարողացել են իրենց սաների մեջ բացի ֆիզիկական, տեխնիկական ու տակտիկական որակներից նաեւ մինչեւ վերջ պայքարելու ոգի ներարկել»:

Արայիկ Բաղդադյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝  նշելով. 

«Հայկական ըմբշամարտը վերջին ութ տարիներին խնդիրներ չի ունեցել եւ մեծ ձեռքբերումներ է արձանագրել: Իսկ երբ այս տարի ֆեդերացիան կանգնեց փաստի առջեւ, պարոն Ծառուկյանը կանգնեց մեր թիկունքին՝ հոգալով ըմբիշների բոլոր հոգսերը: Եվ այս հաջողությունները, որ շարունակվում են, ՀԱՕԿ նախագահի շնորհիվ է»:

Այլ նորություններ