
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին է մոտենում ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մեր հինգ պատվիրակներից երեքը ձախողվել են և գլխիկոր կվերադառնան հայրենիք:
Մեդալակիր դառնալու հույս է ներշնչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը / 57 կգ /։ Հնարավոր է այսօր նա դառնա աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, եթե, իհարկե, կարողանա հաղթել մեքսիկացի Ռոման Գիլիերմո Բրավո Յանգին։
Տխուր մեկնարկ ունեցավ մեր վերջին ՝ հինգերորդ մասնակից Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Տաջիկստանը ներկայացնող ազգությամբ դաղստանցի Աբդուլժամիդ Կուդիևի հետ գոտեմարտում Վազգենը առջևում էր ընթանում 5 : 0 հաշվով: Ավաղ, նա ընկավ խաչ կոչվող հնարքի տակ և պարտվեց 8 : 14 հաշվով: Եթե Կուդիևը կարողանա հասնել եզրափակիչ, ապա Վազգենը նույնպես հնարավորություն կունենա գոտեմարտել բրոնզե պարգևի համար: