Փորձառու սերբ մասնագետ Վեսելին Մատիչը մի քանի օր է վերապատրաստում է հայ մարզիչներին: Մատիչը Հայաստանի մասին լսել էր, բայց առաջին անգամ է մեր երկրում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա կիսվեց իր առաջին տպավորություններով.
«Մարզչական կարիերայիս ընթացքում իմ թիմերում ունեցել եմ հայ բասկետբոլիստներ, հայ օգնականներ եւ նրանցից լսել եմ Հայաստանի մասին: Ես գիտեմ, որ դուք անցկացնում եք Համահայկական խաղեր, ունեցել եք ակումբներ:
Չորս օր է ինչ այստեղ եմ: Առաջին տպավորությունս այն է, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է, իսկ մարդիկ պարզ են եւ ընկերասեր»:
Խոսելով հայկական բասկետբոլի զարգացման միտումների մասին` Մատիչը նշեց, որ շատ կարեւոր է մեծահասակների ազգային առաջնություն ունենալը.
«Բասկետբոլը զարգացնելու համար պետք է մրցակցություն լինի: Հայ մարզիչների հետ խոսակցության ընթացքում հասկացանք, որ հայկական բասկետբոլին ավելի շատ խաղեր են հարկավոր: Պետք է ստեղծվեն ակումբներ, թեկուզ սիրողական մակարդակի, պետք է լինեն կանոնավոր առաջնություններ: ԽՍՀՄ տարիներին ձեր երկիրը մարզաձեւի լավ դպրոց է ունեցել, առաջնություններ են անցկացվել: Ես տեղյակ եմ, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան սկսել է այդ ուղղությամբ աշխատել եւ աշնանից կանոնավոր առաջնություններ են անցկացվելու:
Հայաստանն ունի բասկետբոլը զարգացնելու նախապայմաններ: Ձեր հաջորդ քայլը պետք է լինի ազգային առաջնություն անցկացնելը:
Լավ կլիներ նաեւ, որ ուժեղ ակումբ ունենայիք եւ խաղայիք օրինակ ՎՏԲ լիգայում: Շատ լավ կլինի, որ Հայաստանի հավաքականում լեգեոներների կողքին հանդես գան տեղացի բասկետբոլիստներ»,- նշեց սերբ մարզիչը:
Վեսելին Մատիչը հայ մարզիչներին կոչ արեց ավելի ակտիվ լինել եւ սեմինարի ավարտից հետո էլ շարունակել բարելավել գիտելիքների պաշարը.
«Միայն սեմինարները բավական չեն, որ մարզիչներն ավելի բարձրակարգ դառնան: Մարզիչն ինքն առաջ գնալու եւ որակյալ մասնագետ դառնալու ցանկություն պետք է ունենա: Սեմինարը շուտով կավարտվի, սակայն հայ մարզիչները պետք է շարունակեն աշխատել իրենց վրա»: