Բաքու-2015. Միհրան Հարությունյանը՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր

17:53 - 17 Հուն, 2015

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում, որին ներկայացել էր 4 մարզիկներով:

Հայաստանի համար արծաթե մեդալ նվաճեց  66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով եզրափակիչում 0:2 հաշվով  զիջեց ռուս Արտյոմ Սուրկովին:  Կիսաեզրափակիչում  Հարությունյանը առավելության էր հասել  ադրբեջանցի Հասան Ալիեւի նկատմամբ՝ 8:5, հաղթել էր իսպանացի Սանչես Նավարոյին ՝ 6:0, բուլղարացի Կոնստանտին Ստասին ՝ 8:0 և սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին ՝ 9:1:  75 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 0:8 հաշվով պարտվեց  դանիացի Մարկ Մադսենին: Իր մրցելույթներով ուրախացրեց 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, ով  հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն կրեց:  Մանուկյանը 9:0 հաշվով հաղթել էր  ադրբեջանցի Սաման Տահմասեբիին, 8:1 հաշվով առավելության հասել  չեխ Արտուր Օմարովի նկատմամբ  և պայքարից դուրս էր թողել լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին,  իսկ կիսաեզրափակիչում  4:12 հաշվով պարտվել էր  Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանուկյանը 0:3 հաշվով պարտվեց թուրք Մետեհան Բասարին:  Խաղերի  առաջին մրցումային օրը մրցագորգ էր ելել  Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ռոման Ամոյանը, ով մրցավայր էր մեկնել ձեռքի մատի վնասվածքով:

Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից: Նա  6:0 հաշվով առավելության էր հասել պորտուգալացի Ժոաո Կարվալյուի նկատմամբ, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվել Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ստեփան Մարյանյանին: Հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Միակ սփոփիչ գոտեմարտում Ամոյանը հաղթել էր դանիացի Տոբիաս Ֆոնեսբեքին, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց Էլման Մուխտարովին:Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բաքու էին տարել  մարզիչներ Սամվել Գեւորգյանն ու Էդիկ Սահակյանը։

Այլ նորություններ