Հակոբ Սերոբյան. Մեդալ ունենք` արդեն բավարար է

15:30 - 25 Ապր, 2017

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ վեց մարմնամարզիկով եւ նվաճեց մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում ամփոփեց առաջնության արդյունքներն ու խոսեց առաջիկա անելիքների մասին:

- Ձեզ գոհացրի՞ն Եվրոպայի առաջնությունում մեր մարմնամարզիկների ելույթները:

- Մեդալ ունենք` արդեն բավարար է: Ավելի շատ օղակներից էի ակնկալում, բայց կարեւորը` մեդալ նվաճեցինք: Ընդհանուր թիմի արդյունքները նորմալ եմ գնահատում:

Որակավորման փուլը չորս մարզիկ հաղթահարեցին, սա մեծ արդյունք է: Բացի այդ,  Արթուր Դավթյանը եզրափակիչ դուրս եկավ նաեւ բազմամարտում: Այս անգամ ամենամեծ թվով մասնակիցներն ունեցանք Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում:

- Խոսենք մարմնամարզիկների ելույթների մասին առանձին-առանձին:

- Շատ գոհ եմ Հարություն Մերդինյանից: Դոհայում նա վնասվածքով էր ելույթ ունեցել, մի քանի անգամ ընկել էր: Սակայն այստեղ հավաքվեց, լավ կատարեց վարժությունը եւ բարձր գնահատական ստացավ: Արդյունքն ակնհայտ է:

Արթուր Թովմասյանը օղակներում որակավորման փուլն անցավ երկրորդ տեղով, շատ լավ կատարեց վարժությունը եւ պետք է մեդալ նվաճեր: Սակայն չհասկացանք` եզրափակչում ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ վերջում այդքան վատ ցատկեց: Դժգոհ եմ նրանից:

Արթուր Դավթյանն ամեն ինչ արեց լավագույն կերպով: Նոր կանոններով  հենացատկերում նա բարդությամբ չէր կարող կատարել այն վարժությունը, որն արել էր նախորդ տարի: Նա փոքր ինչ հեշտ ցատկ կատարեց, զիջում էր մնացած մարմնամարզիկներին: Ճիշտ է, ցատկը թույլ էր, բայց լավ կատարումով նա անցավ եզրափակիչ եւ 5-րդ տեղը զբաղեցրեց: Արթուրն ավելին չէր կարող անել: Բազմամարտում մրցակցությունը շատ մեծ էր, այստեղ էլ նա 6-րդն էր:

Վահագն Դավթյանի առաջին ելույթը բարդ էր եւ որոշակի թերություններ կային: Եզրափակչում մենք մի փոքր թուլացրինք կատարումը, նա ավելի մաքուր արեց եւ բարձր գնահատական ստացավ: Մեդալների համար պայքարում Վահագնը բարդությամբ զիջեց: Հիմա պետք է մարզումների ընթացքում աշխատենք բարդ վարժության վրա եւ շտկենք սխալները:

Բազմամարտիկ Վիգեն Խաչատրյանից շատ դժգոհ եմ: Վրիպումները բավականին շատ էին: Անհասկանալի սխալներ էր անում: Առաջիկայում մի քանի մրցաշարեր բաց կթողնի, որ ավելի պատասխանատվությամբ մոտենա:  Եթե նման սխալներով շարունակի` նա չի ընդգրկվի հավաքականի կազմում:

Իսկ Արմեն Պետրոսյանը հանդես եկավ իր ուժերի ներածին չափով:

- Հաջորդ տարի նախատեսում եք հանդես գալ նաեւ թիմային պայքարում: Բազմամարտում փոխարինողներ ունե՞նք:

- Բազմամարտիկներ չունենք: Այս առաջնությանը Խաչատրյանին եւ Պետրոսյանին փորձեցինք` հետագայում թիմով հանդես գալու համար: Սակայն բազմամարտից կաղում ենք: Մեր մյուս մարմնամարզիկը` Արթուր Ավետիսյանը, մակարդակով ավելի ցածր է:

- Նշել էիք, որ այս տարի աշխարհի առաջնությունում օղակների վարժությունում մեր երկու մարմնամարզիկներից հանդես կգա միայն մեկը: Եվ դա պետք է պարզ դառնար Եվրոպայի առաջնությունից հետո:

- Աշխարհի առաջնությունում օղակներ վարժությունում հանդես կգա Վահագն Դավթյանը: Ես նախապես ասել էի` աշխարհի առաջնությանը օղակներում կմասնակցի այն մարզիկը, որը Եվրոպայի առաջնությունում կհաղթի կամ ավելի լավ կմասնակցի:  

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի հավաքականը:

- Մայիսի 17-ից Սանկտ Պետերբուրգում միջազգային մրցաշարի կմասնակցենք: Այս անգամ ցանկանում ենք փորձել երիտասարդներին` Արթուր Ավետիսյանին, Ժորա Սմբատյանին եւ Գագիկ Խաչիկյանին: Ակնկալում ենք, որ Սմբատյանն ու Խաչիկյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք կբերեն: Այդ պատճառով նրանց արդեն պատրաստում ենք:

Նախատեսում ենք, որ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օգոստոսի վերջին  կմասնակցեն Ունիվերսիադային, որտեղ լուրջ պայքար կունենանք: Դե, իսկ հետո աշխարհի առաջնությունն է:

Այլ նորություններ