
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունը:
Մեր թիմի համար նույն սցենարով անցան մրցումների նախավերջին և վերջին օրերի եզրափակիչները, որոնց արդյունքում գրանցվեցին երկուական ոսկե և արծաթե մեդալ: Արդեն հայտնի է, որ առաջինը չեմպիոն և փոխչեմպիոն դարձան Վահե Հովեյանը / 80 կգ / և Զավեն Մեժլումյանը / 65 կգ /: Հաջորդ օրը մեր Ջանես Նազարյանը / 71 կգ / եզրափակիչում հաղթեց վրացի Ռամազ Բասիլիային և նվաճեց չեմպիոնի կոչումը:
Անչափ գնահատելի է Ջանեսի անցած ճանապարհը դեպի չեմպիոնություն, որտեղ նա հաջորդաբար ծնկի բերեց Ռումինիայի՝ 6:0, Մոլդովայի՝ 8:0, Ռուսաստանի՝ 9:0, Իտալիայի՝ 10:0 և վերջապես Վրաստանի՝ 4:0 պատվիրակներին ու ընդհանուր՝ 37 : 0 ջախջախիչ հաշվով հաղթանակներ գրանցեց ու կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին:
Կեցցես, Ջանես, այդպես շարունակիր քո հաղթարշավը: Իհարկե, արժանին պետք է մատուցել նաև էջմիածինցի նորընծա չեմպիոնի անձնական մարզիչ Գոռ Աբգարյանին:
Նույն օրը, մեկ այլ եզրափակիչում, մեր Ալեքսան Շալջյանը / 92 կգ / բավարարվեց արծաթե մեդալով: Գյումրեցի փոխչեմպիոնի անձնական մարզիչն է Խոսրով Մելիքյանը:
ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ մեր պատանի ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճեցին յոթ մեդալ՝ երկուական ոսկե, արծաթե և երեք բրոնզե:

Թիմային հաշվարկով Հայաստանի պատանեկանը 145 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջինը ճանաչվեց Ռուսաստանի / 170 միավոր /, իսկ երրորդը ՝ Ադրբեջանի թիմը / 118 միավոր /:
Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ մեզանում հուսալի հերթափոխ է աճում: Նկատի ունենք ըմբիշներին, և, անշուշտ, հեղինակավոր մասնագետների բարի ավանդույթները շարունակող երիտասարդ ու շնորհալի մարզիչներին: