
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) գործկոմը հաստատել է Ստամբուլում 2027թ. կայանալիք աշխարհամասի չորրորդ խաղերի մրցումային ծրագիրը: Այն մշակվել է ստուգատեսի կազմկոմիտեի և համապատասխան միջազգային ու եվրոպական մարզական ֆեդերացիաների հետ սերտ համագործակցությամբ։
Եվրոպական խաղերում կներկայացվի ընդհանուր առմամբ 26 մարզաձև, այդ թվում՝ LA28 օլիմպիական ծրագրին համապատասխանող 22 մարզաձև։
Միջոցառումը առաջարկում է որակավորման լայն հնարավորություններ:
Թիավարությունը (լողափնյա սպրինտ), ծանրամարտը և սքվոշը իրենց նորամուտը կկատարեն Ստամբուլում, իսկ սքվոշը առաջին անգամ կներկայացվի նաև LA28-ում։
Մարմնամարզությունը, վոլեյբոլը և ըմբշամարտը կվերադառնան ծրագիր՝ Կրակով-Մալոպոլսկա 2023-ի խաղերում բացակայելուց հետո։
ԵՕԿ համակարգող հանձնաժողովի նախագահ Միհայ Կովալիուն ասել է. «Ստամբուլ 2027-ը կարևոր հանգրվան կլինի Լոս Անջելես 2028-ի ճանապարհին։
Ծրագիրը արտացոլում է մեր համագործակցությունը միջազգային և եվրոպական ֆեդերացիաների հետ»։
Ստամբուլ 2027-ի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վելի Օզան Չակիրն ասել է. «Ստամբուլ 2027-ի խաղերը կցուցադրեն եվրոպական սպորտի ուժն ու բազմազանությունը։ ԵՕԿ-ի և ֆեդերացիաների հետ սերտ համագործակցությամբ մշակել ենք մի ծրագիր, որն արտացոլում է ինչպես մարզական գերազանցությունը, այնպես էլ մեր քաղաքի տեսլականը։ Անհամբեր սպասում ենք եվրոպացի մարզիկներին և երկրպագուներին»։
Մրցավայրերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում:
Ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը. 3×3 բասկետբոլ, աթլետիկա (Եվրոպայի թիմային առաջնություն), բադմինթոն, բռնցքամարտ, կանոէ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, քիքբոքսինգ, ժամանակակից հնգամարտ, մուայթայ, պադել, թիավարություն (լողափնյա սպրինտ), ռեգբի - 7, հրաձգություն, սպորտային ժայռամագլցում, սքվոշ, սեղանի թենիս, թհեքվոնդո, եռամարտ, վոլեյբոլ, ծանրամարտ, ըմբշամարտ, նետաձգություն, լող:
Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվեն 2027թ. հունիսի 16 -27-ը: