ԿԱԼԻՖՈՐՆԻԱԿԱՆ ՆԱԽՇԱԹԵՐԹԵՐ

11:07 - 27 Մար, 2026

«Լոս Անջելես  - 2028»  օլիմպիական խաղերի կազմակերպիչները ընտրել են մարզահանդեսի տեսողական / վիզուալ / ոճը՝  «Ծաղկունք» անվանումով:

Դա անապատի կլիմային բնորոշ հազվագյուտ բնական երևույթի անունն է, երբ մեծ թվով բույսեր միաժամանակ ծաղկում են՝ ձևավորելով վառ «գորգ»։

Այս երևույթը կարելի է դիտարկել ԱՄՆ- ի հարավային Կալիֆորնիայում։ Վիզուալ կոնցեպտը անվանվել է «Լոս Անջելեսը՝ ծաղիկների աշխարհում»։ Այն հիմնված է 13 նախշաթերթերի վրա: Դրանցից  յուրաքանչյուրը նախատեսված է արտացոլելու կապը օլիմպիական մայրաքաղաքի մարդկանց, կյանքի և մշակույթի հետ։ Այս նպատակն են հետապնդում նաև  հատուկ ստեղծված  չորս տառատեսակները, որոնք  կօգտագործվեն տարբեր ցուցանակներում, տպագիր նյութերում և այլուր։

«Մենք ցանկանում ենք, որ ոճը ճշգրիտ արտացոլի Լոս Անջելեսի էությունը: Դա քաղաք է, որը հայտնի է իր ստեղծողներով, և երկու տարի անց այստեղ կհավաքվեն աշխարհի տարբեր ծայրերից ժամանող մարդիկ։ Մենք ցանկանում  ենք զգացմունքները փոխանցել այնպես, որ արձագանք գտնի բոլորի մոտ: Մեզ ոգեշնչել են նաև 1932թ. և 1984թ.  այստեղ անցկացված օլիմպիական խաղերը։ Դրանք պայծառ էին, ուրախ և, իսկապես կալիֆորնիական։ Այդ  ոգին մենք փորձել ենք  տեղափոխել  ժամանակակից միջավայր» -  ասել է  ստուգատեսի  կազմկոմիտեի ապրանքանիշի դիզայնի ղեկավար Ջեֆ Էնգելհարդտը:  

2028թ. խաղերի տեսողական ինքնության գունապնակը   բաղկացած է 13 գույներից, որոնք ոգեշնչված են Կալիֆորնիայի բուսական աշխարհից։

Տեսողական ինքնությունը հիմք կհանդիսանա  խաղերին վերաբերող ամեն ինչի համար՝ մարզադաշտի ճակատներից և հեռուստատեսային հեռարձակումների գրաֆիկայից մինչև ապրանքներ։

Այլ նորություններ