
Հայաստանի գեղասահքի՝ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հաջող հանդես եկավ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող աշխարհի առաջնությունում: Ինչպես կարճ, այնպես էլ երեկ անցկացված ազատ ծրագրում, մեր երկյակը գրավեց ութերորդ տեղը և ընդհանուր հաշվարկում դարձյալ ճանաչվեց ութերորդը:
Ազատ սահքերում մերոնք ելույթ ունեցան հնդկական երանգներով երաժշտության ուղեկցությամբ և վաստակեցին 123.34 միավոր: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 63.75, իսկ բարդությունը՝ 59.59 միավոր:
Ավելորդ չէ նշել, որ օլիմպիական խաղերում մեր դուետը վերջնարդյունքում վաստակել էր 180. 66, իսկ հիմա, աշխարհի առաջնությունում, 190.46 միավոր:
Առաջընթացն ակնհայտ է:
Տղամարդկանց մենասահքում ՀՀ պատվիրակ Սեմյոն Դանիելյանցը չհաղթահարեց կարճ ծրագրի որակավորման փուլը։ 19-ամյա գեղասահորդը 36 մրցակիցների պայքարում գրավեց 26-րդ տեղը: