
Սերբիայի Զրենյանին քաղաքում այսօր կավարտվի Եվրոպայի ազատ ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Խաղարկվող մրցանակների համար հաջող պայքար են մղում մեր երկրի պատվիրակները: Նրանցից Արման Հարությունյանը / 57 կգ / և Դավիթ Մարգարյանը / 70 կգ / արդեն դարձել են բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար երեկոյան մրցահերթում մրցագորգ կելնեն նաև Կնյազ Իբոյանը / 92 կգ / և Խաչատուր Խաչատրյանը / 125 կգ /:
Մեր տղաներից Արման Մոսիկյանը / 65 կգ /,Գրիգոր Չոլակյանը / 74 կգ / և Ռազմիկ Եփրեմյանը / 86 կգ / ձախողվել են և ձեռնունայն կվերադառնան հայրենիք:
Առավել հաճելի մի փաստ արձանագրենք: Այսօր երեկոյան ասպարեզ կմտնի նաև Լևիկ Միքայելյանը / 61 կգ /: Նա անցյալ տարի դարձել էր համանուն մրցաշարի ոսկե դափնեկիր: Հիմա նույնպես մեր ըմբիշը կգոտեմարտի ոսկե պարգևի համար: Այս ստուգատեսի նախորդ երեք հանդիպումներում նա հաղթել է հաջորդաբար Մոլդովայի, Բուլղարիայի, Թուրքիայի ներկայացուցիչներին և մտել եզրափակիչ: Վճռական փուլում Լևիկի մրցակիցն է ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևը: Ըմբիշները միմյանց հնարավորություններին քաջատեղյակ են, քանզի պաշտոնական մրցաշարերում ունեցել են երեք մրցամարտ և հաշիվը գլխավորում է /2 : 1/ հայորդին: Ի դեպ, անցյալ մրցաշրջանում, դարձյալ եզրափակիչում, Ջեյհունին հաղթել էր Լևիկը: Հուսանք, որ այս անգամ վաղեմի հակառակորդների միջև հաշիվը ոչ թե կհավասարվի, այլ տարբերությունը ավելի կմեծանա՝ հօգուտ գործող չեմպիոնի:
Արժե նշել, որ իր համար արծաթե պարգև ապահոված Լևիկ Միքայելյանը և երրորդ մրցանակակիր Արման Հարությունյանը արտաշատցի են և մարզվում են Արտաշատի համայնքի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հեթափոխի մարզադպրոցում: Այդ մարզօջախի սաները 2015թ. մինչև այսօր Եվրոպայի և աշխարհի տարիքային տարբեր խմբերի առաջնություններում արդեն նվաճել են տարբեր ձուլվածքի 56 մեդալ: Հաջողությունը կապված է կրթօջախի աշխատակազմի և նրա ղեկավարի՝ հանգուցյալ Ռազմիկ Գոլեցյանի որդու ՝ Ռաֆիկի նպատակային աշխատանքի հետ:
Հավելենք, որ այստեղ աշխատող ութ մարզիչների գլխավորած 24 խմբերում պարապում են տարբեր տարիքի 227 ազատ ոճայիններ: Նրանց թվում են միջազգային պաշտոնական ստուգատեսների բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ:
Հաղթարշավը շարունակվում է: