ՀԱՎԱՔԸ ԾԱՌԱՅԵԼ Է ՆՊԱՏԱԿԻՆ

11:07 - 23 Փետ, 2026

Հայաստանցի աթլետները  հաջող են հանդես եկել  Բելգրադում անցկացված  Բալկանյան երկրների առաջնությունում:Մեր պատվիրակներից երկուսը նվաճել են հաղթողի կոչումը:

21-ամյա եռացատկորդ, արտաշատցի  Գոռ Հովակիմյանը գրանցել է 16,66 մ արդյունք և պարգևատրել է ոսկե մեդալով: Այդ ցուցանիշը անձնական ռեկորդ է, որի շնորհիվ նա իրենից ետ է թողել  երկրորդը և երրորդը ճանաչված Թուրքիայի և Հունաստանի մարզիկներին: Նույն մրցաձևում գյումրեցի Ռազմիկ Ղազարյանը  16,21 մ արդյունքով ճանաչվել է չորրորդը և լրացրել է սպորտի վարպետի նորման: Մեր երկրի մեկ այլ եռացատկորդ ՝ կապանցի  Լևոն Աղասյանը հիվանդության պատճառով չի կարողացել ասպարեզ ելնել:

ՀՀ հավաքականի առաջատար, գյումրեցի  վազորդ Երվանդ Մկրտչյանը վստահորեն է անցել  1500 մետր մրցատարածությունը /  3:42.29 /  և յոթերորդ անգամ հաղթող է դարձել   Բալկանյան երկրների  առաջնությունում: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Սերբիայի և Սլովենիայի աթլետները:

Իրենց անձնական ցուցանիշները բարելավել են նաև թիմի հետևյալ անդամները. արտաշատցիներ  Սամվել Գևորգյանը, 60 մ. արագավազք ՝ 7,00 վրկ, Ռոման Ալեքսանյանը , 3000մ. 8:56.28 և վանաձորցիներ  Գոռ Հարությունյանը, 800 մ. վազք ՝ 1:54.49 ու Ստեփան Անդրեասյանը 400 մ. ՝ 51.53.:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը հեռակապով ասաց, որ բելգրադյան ուսումնամարզական հավաքը լիովին ծառայել է նպատակին և այդ մասին վկայում են մեր աթլետների գոհացնող մրցելույթները: Նա հավելեց, որ Լեհաստանի Տորուն քաղաքում մարտի 20 – 22 –ը կայանալիք մարզասրահների աշխարհի առաջնությունում հայտավորել են եռցատկորդ Գոռ Հովակիմյանին և հույս ունեն,  որ միջազգային ֆեդերացիան կհաստատի նրա  մասնակցությունը:

Մրցումների ընթացքին հետևել ու մեր մարզիկների մրցելույթներից գոհացել է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

 

 

Այլ նորություններ