
Արդարացի խաղի միջազգային կոմիտեն հայտարարել է Միլան Կորտինա - 2026 ձմեռային օլիմպիական խաղերի մրցանակաբաշխության մեկնարկի մասին: Հեղինակավոր այդ կազմակերպության նպատակն է պատվել այն մարզիկներին, ովքեր ցուցադրում են սպորտային ոգու, ազնվության և համերաշխության արտակարգ դրսևորումներ՝ աշխարհի ամենախոշոր իրադարձությունների ասպարեզներում:

Այս տարվա միջոցառումը պատմական հատուկ նշանակություն ունի: Բանն այն է, որ առաջին մրցանակը շնորհվել է 62 տարի առաջ՝ իտալացի, բոբսլեյի լեգենդ Եվգենիո Մոնտիին՝ Ինսբրուկի 1964թ. ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցուցաբերած մարզական արարքի համար:

Մրցանակաբաշխությունը Իտալիա բերելը Միլան Կորտինա 2026-ի համար խորհրդանշական «տուն վերադարձ» է Մոնտիի՝ պաշտպանած արժեքների համար։
Կազմակերպության նախագահ Սունիլ Սաբհարվալն այդ առթիվ ասել է. «Չկա սպորտ առանց արդարացի խաղի։ Մենք ուրախ ենք կրկին համագործակցել ՄՕԿ-ի հետ՝ «հաղթանակ՝ մեդալից այն կողմ» հասկացությունը ընդգծելու համար։ Իտալիան մեր առաջին հաղթողի ծննդավայրն է, ինչը այս խաղարկությունը դարձնում է հատկապես հուզիչ։ Մենք խրախուսում ենք բոլորին՝ գյուղի մարզիկներից մինչև տանը գտնվող երկրպագուները, օգնել մեզ բացահայտելու այն պահերը, որոնք սահմանում են իրական օլիմպիզմի ոգին»։

ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրին նշել է. «Օլիմպիական խաղերը ոչ միայն մրցակցություն և հաղթանակ են. դրանք մարդկության և համերաշխության ոգու տոնակատարություն են: Արդարացի խաղը օլիմպիական շարժման սրտի բաբախյունն է: Իտալիայի լեռները մեզ հիշեցնում են Էուջենիո Մոնտիի անհավանական ժառանգությունը: Ես անհամբեր սպասում եմ տեսնելու, թե ինչպես են Միլանո Կորտինա 2026-ի մարզիկները ոգեշնչելու աշխարհը իրենց մարզական արարքով և միմյանց նկատմամբ հարգանքով»:
Առաջադրումները պաշտոնապես արդեն բաց են և հրավերներ են սպասվում ԱՕԿ – ներից, միջազգային ֆեդերացիաներից, մարզիկներից և մարզիչներից, մարզասերներից . . .
Խաղերի ավարտից հետո միջազգային հանձնախումբը կընտրի ամենաազդեցիկ պահերը:
Արդարացի խաղի միջազգային կոմիտեն ճանաչել է ՄՕԿ- ը: Այն 1963թ.հիմնադրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային առաջատար կազմակերպությունները: Ավելի քան 60 տարի կառույցը ծառայել է որպես սպորտային էթիկայի համաշխարհային պահապան՝ պատվելով նրանց, ովքեր ազնվությունն ու մարդկային ոգին առաջնահերթ են համարում ցանկացած գնով հաղթանակից:
Հարկ է գնահատել սպորտի հիմնարար արժեքները. հարգանքը, բարեկամությունը` որպեսզի արդարացի խաղը պահպանվի ապագա սերունդների համար: