ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՅԱԿԻՆ

13:07 - 18 Դեկ, 2025

Ավարտվող մրցաշրջանի առթիվ հետաքրքիր դիտարկումներ է կատարել  մարմնամարզության միջազգային ֆեդերացիան: Կառույցը կարևոր որոշ իրադարձությունների շարքում առանձնացրել է  Եվրոպայի,  աշխարհի առաջնություններում և գավաթի խաղարկության փուլերում  իրենց նորամուտը գերազանց մրցելույթներով նշանավորած ՀՀ հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանին և Մամիկոն Խաչատրյանին:

ՀՀ վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի կազմում,  մեր հրաշալի երկյակը  միջազգային պաշտոնական մրցաշարերում, հաճախ է հաղթանակներով միմյանց   հերթագայում  և  միասին բարձրանում պատվո պատվանդան:  

Տղաները հարցազրույցներում  հաճույքով են նշում, որ իրենք լավ  ընկերներ են, թեև  ուժերի անմնացորդ նվիրումով են ասպարեզներում  միմյանց հետ մրցում:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի տարրերի անվանակոչության ցանկում, մինչև այս տարի,  գրանցված էր  յոթ հայաստանցու անուն: Եվ ահա  անցնող մրցաշրջանում նշած թիվն ավելացավ ևս մեկով:Նա էջմիածինցի Համլետ Մանուկյանն է, որը Փարիզում անցկացված World challenge cup  մրցաշարի նժույգթափեր մրցաձևում կատարեց նոր տարր: Այն հիացրեց մասնագետներին և միջազգային ֆեդերացիայի որոշումով ստացավ «Մանուկյան» անվանումը:

Մարզաձևի հեղինակավոր մասնագետները իրենց տարեվերջյան խոսքում ասում են, որ գերիշխանություն ձեռք բերած մեր Համլետ Մանուկյանի և Մամիկոն Խաչատրյանի հաջողությունները շարունակական կլինեն:  

Հավատանք, որ այդպես կլինի:

 

Այլ նորություններ