
Բրյուսելում անցկացվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) հերթական համաժողովը:
Բացման խոսքում ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը մասնավորապես ասել է, որ օլիմպիական շարժումը և եվրոպական միությունը միավորող ամուր կապը արտացոլում է սպորտի արժեքները խթանելու մեր ընդհանուր առաքելությունը. «Սպորտի միջոցով մենք կապվում ենք սահմաններից այն կողմ: Սովորում ենք թիմային աշխատանք, արդար խաղ և փոխադարձ հարգանք: Եվրոպական սպորտային մոդելը կառուցված է համերաշխության, մարզական մարմինների ինքնավարության և մարզական արժանիքների վրա, արտացոլում է, թե ովքեր ենք մենք որպես եվրոպացիներ: Դրա պահպանումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է . . . »:
Ընդարձակ ելույթ է ունեցել նաև միջոցառմանը ներկա, ՄՕԿ –ի նախագահ Քրիսթի Քովենթրին: Նա նշել է, որ կառավարությունները չպետք է խառնեն սպորտը և քաղաքականությունը։ Յուրաքանչյուր մարզիկ, թիմ և պաշտոնյա պետք է կարողանա մրցել առանց խտրականության կամ քաղաքական միջամտության։ Երկրները պետք է երաշխավորեն բոլորի համար հասանելիություն և հարգեն սպորտի համընդհանրությունն ու ինքնավարությունը:
Քովենթրին կոչ է արել մրցաշարեր ընդունող երկրներին և մարզական միջոցառումների կազմակերպիչներին կատարել իրենց պարտականությունը: Նրանք պետք է բոլորի համար երաշխավորեն հասանելիություն և հարգեն սպորտի համընդհանրությունն ու ինքնավարությունը:
Զիմբաբվեցի մարզուհին հիշեցրել է իր սեփական պատմությունը. «Եթե դուք որոշեիք ինձ պատժել, երբ իմ երկիրը խառնաշփոթի մեջ էր, ես չէի նվաճի օլիմպիական մեդալներ: Իմ ուղին բոլորովին այլ կլիներ, քան այսօր է: Սպորտը փոխեց իմ կյանքը: Եվ ես շատ շնորհակալ եմ դրա համար, ու կպայքարեմ, որպեսզի աշխարհի յուրաքանչյուր անկյունից մարզիկներն ունենան նույն հնարավորությունները:
Մենք գիտենք, որ սպորտը իրական արժեք է ներկայացնում հասարակության համար: Այն բարելավում է առողջությունը, ամրապնդում համայնքները և աջակցում է կրթությանը:
Սպորտի համընդհանրությունը նշանակում է, որ յուրաքանչյուր մարզիկ, ԱՕԿ, ֆեդերացիա ունի ճիշտ նույն արժեքը: Բնագավառում ժողովրդավարությունը հենց դա է նշանակում. յուրաքանչյուր ձայն և յուրաքանչյուր քվե նույն կշիռն ունի», - ասել է Քովենթրին: