Թինա Կարապետյան. Հայաստանում զգում եմ ինչպես տանը

12:22 - 24 Մայ, 2017

Գեղասահքի Հայաստանի հավաքականի պարային երկյակ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը երկրորդ անգամ մասնակցեցին հանրապետության բաց առաջնությանը: Զույգը մրցակցությունից դուրս էր, քանի որ միակն էր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Թինա Կարապետյանը նշեց, որ այս փաստն իրենց չխանգարեց լավ հանդես գալ հայ մրցավարների առջեւ.

«Սովորաբար Անաստասիան, Սլավիկը, ես եւ Սիմոնն ենք ելույթ ունեցել Հայաստանի դրոշի ներքո: Շատ ուրախալի է, որ հարյուրավոր երեխաներ եւս մասնակցեցին այս առաջնությանը:

Երրորդ անգամ եմ Հայաստանում: Շատ հաճելի է տեսնել իմ հայրենակիցներին, թե ինչպես են մարդիկ խոսում եւ գրում հայերեն: Այս ամենն ինձ թույլ է տալիս զգալ ինչպես տանը»,- տպավորություններով կիսվեց Թինա Կարապետյանը:

Խոսելով ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորության մասին, Թինան ասաց, որ ուղեգիր նվաճելու դեռ մեկ շանս ունեն.

«Սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարում մենք կարող ենք օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել: Դրա համար պետք է քրտնաջան աշխատենք»:

Կարապետյանի պարային զույգը` Սիմոն Պրու Սենեկալն էլ նշեց, որ իր համար հաճելի է ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջեւ: Սենեկալին հիացրել է հայկական մշակույթը:

Այլ նորություններ