
Հայաստանի ծանրորդների համար ոսկեբեր սկիզբ ունեցավ Ալբանիայի Դուրես քաղաքում զուգահեռաբար մեկնարկած Եվրոպայի երիտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հաջողության բացումը կատարեց գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը / 58 կգ /: Քրիստինե Պետրոսյանի սանուհին ոսկե կիլոգրամներ << սանձեց >> պոկումում ՝ 91 կգ , հրումում ՝ 123 կգ և երկամարտի 214 կգ-ով գրավեց առաջին տեղը՝ սահմանելով նաև Եվրոպայի երիտասարդական երկու ռեկորդ:

Երեք ոսկե մեդալ նվաճեց նաև Ալեքսանդրայի համաքաղաքացի Գառնիկ Չոլաքյանը / 60 կգ /: Նա մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 267 կգ գումարով / 120 կգ + 147 կգ / հռչակվեց չեմպիոն և մարզապալատում երկրորդ անգամ հնչեց ՀՀ օրհներգը: Գառնիկը մարզվում է անցյալի նշանավոր վարպետ Ալեքսան Կարապետյանի ղեկավարությամբ:

Նույն քաշային կարգում էջմիածինցի մարզիչ Ռուստամ Խուդանյանի աշակերտ որդին՝ Սեյրանը պոկումում 115 կգ- ով ճանաչվեց երկրորդը, իսկ երկամարտի 250 կգ արդյունքով եզրափակեց լավագույն հնգյակը:
Այսօր ՝ հոկտեմբերի 30-ին մենք ունենք երեք մասնակից. երիտասարդներ. Տիգրան Կարապետյանը, Նարեկ Գրիգորյանը / երկուսն էլ 71 կգ / և 23 տարեկաններից ՝ Գոռ Սահակյանը / 71 կգ /: