
LA28 օլիմպիական խաղերի 1000 օրվա հետհաշվարկի առթիվ Լոս Անջելեսում և Օկլահոմա Սիթիում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:
Հանդիսությունների մասնակից երեխաներին ու նրանց ընտանիքների անդամներին միացել են նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերի բազմաթիվ մրցանակակիրներ, հայտնի մարզիկներ:
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը ներկայացրել է «Խաղեր բոլորի համար» տեսլականը, թե ինչպես կարող է խաղերը նպաստել քաղաքի վերափոխմանը և ստեղծել նոր հնարավորություններ՝ կայուն ենթակառուցվածքներով:
«Խաղեր բոլորի համար» ծրագիրը բաղկացած է չորս հիմնական հենասյուներից . երիտասարդական սպորտ, մատչելիություն, բիզնես հնարավորություններ և կայունություն։
Նախաձեռնությունը հիմնված է քաղաքի PlayLA երիտասարդական սպորտային ծրագրի վրա, որն արդեն 160 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել կազմկոմիտեից և միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ):
Նշած քաղաքներում անցկացված մարզամշակութային տոնակատարությունները ամրապնդել են այն ուղերձը, որ LA28 խաղերը ոչ միայն կցուցադրեն համաշխարհային մակարդակի մարզական մրցակցություն, այլև կապահովեն երկարատև օգուտներ՝ համայնքների և ապագա սերունդների համար։
LA28 օլիմպիական խաղերը տեղի կունենան 2028թ. հուլիսի 14-30-ը, որին կհաջորդի պարալիմպիկը ՝ օգոստոսի 15- 27-ը: