
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ծանրամարտի աշխարհի չեմպիոնի և հողագնդի ուժեղագույն մարդու կոչումը օրերս նվաճելը գյումրեցի հերկուլես Վարազդատ Լալայանի կողմից հրաշալի նվեր հանդիսացավ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի << ծննդյան >> հոբելյանական՝ 120 –ամյակին:

Այո, IWF -ն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, նշում է նախորդ մրցարջանում մարզական տոնացույցում հիմնական գրանցում ստացած մարզաձևի համաշխարհային օրը:
Այս տարվա տոնակատարությունը տեղի է ունենում Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայացած աշխարհի ռեկորդային առաջնությունից ընդամենը մի քանի օր անց: 87 երկրների շուրջ 500 մարզիկներ մասնակցեցին ստուգատեսին, որտեղ սահմանվեց 39 համաշխարհային ռեկորդ։
Ծանրամարտը, որպես առանձին մարզաձև ժամանակակից օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 1896-ից:
Կանայք մարզաձևում իրենց ուժը սկսել են ցուցադրել 1970-ականներից: Բայց օլիմպիական խաղերի ծրագրում հաստատվել է 2000թ. Սիդնեյի համաշխարհային մարզահանդեսում:
Ծանրամարտը Հայաստանում սկզբնավորվել է 1920 –ականներից: Հայ ծանրորդները դարձել են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոններ և ռեկորդակիրներ:
Ավելին, 2023թ. մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գործկոմը, նախագահ Մոհամմեդ Ջալուդի ղեկավարությամբ, աշխարհի թիվ - 1 հավաքական է ճանաչել վաստակաշատ մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած մեր ընտրանուն:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեր երկրի բոլոր ժամանակների երկաթախաղի վարպետներին, մարզիչներին, համապետական ֆեդերացիային և ակնկալում նոր նվաճումներ: