
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, սուխումցի Հակոբ Քերսելյանի ղեկավարությամբ է մարզվել անվանի աթլետ Վիկտոր Սանեևը: Նա օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկիր է և եռացատկում սահմանել է համաշխարհային բազմաթիվ ռեկորդներ:
ԽՍՀՄ փլուզումից հետո Սանեևը ընտանիքով բնակություն է հաստատել Ավստրալիայում, որտեղ 2022թ. կնքել է մահկանացուն:
Նրա հիշատակը վառ են պահում Վրաստանում և անցկացվում է մեծանուն մարզիկի միջազգային ավանդական հուշամրցաշարը:
Այս անգամ մասնակիցների թվում էին հայաստանցի չորս մարզիկներ: Առավել հաջող հանդես եկավ արտաշատցի ցատկորդ Գոռ Հովակիմյանը: Նա առաջինը ճանաչվեց և հեռացատկում / 7մ. 12 սմ ./ , և եռացատկում / 15մ. 21 սմ. /: Երկու պարգևի արժանացավ նաև նրա կապանցի թիմակցուհի Յանա Սարգսյանը, որը երկրորդն էր հեռացատկում / 5մ. 56 սմ. / և երրորդը ՝ եռացատկում / 12մ. 09 սմ. /:
Կապանցի Նարեկ Սողոմոնյանը երրորդն էր հեռացատկում / 5մ. 89 սմ./: Նրա համաքաղաքացի Դիմա Գրիգորյանը երկրորդն էր հեռացատկում ՝ 5մ. 97 սմ.:
Նշած մրցանակակիրները, և ընդհանրապես մրցաշարի բոլոր մասնակիցները իրենց լավագույն ցուցանիշներից ցածր հանդես եկան: Նշենք թեկուզ Վրաստանի առաջատար ցատկորդ Մարի Ձագրիձեին, որը իր բարձրագույն արդյունքից 61 սմ. պակաս ցատկեց:
Մրցումների ընթացքում եղանակը անակնկալ ցրտեց: Դրա հետևանքով մասնակիցների մկանախամբերը պրկվեցին: Ահավասիկ Գոռ Հովակիմյանը: Նա հեռացատկում իր լավագույն արդյունքը / 7մ. 67 սմ . / զիջեց 55սմ -ով, իսկ եռացատկում / 16մ . 30 սմ./ 1մ. 09 սմ . –ով:

Մրցումների լավագույն մարզիկի համար սահմանված մրցանակը Գոռ Հովակիմյանին հանձնեց Վիկտոր Սանեևի այրին ՝ տիկին Տատյանան:
Վրաստանի ԱՕԿ –ի ղեկավարությունը մասնակիցների ներկայությամբ բացեց Սանեևի հուշաքարը, որը նախօրյակին էր տեղադրվել մեծ մարզիկի ապրած տան պատին: Այնուհետև աթլետները դիտեցին Վ. Սանեևին նվիրված ֆիլմը: