
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պարբերաբար հանդես է գալիս նախաձեռնություններով: Հերթականը վերաբերում էր աճող սերնդի մարմնակրթության հարցերին: Այդ առթիվ մայրաքաղաքի Օլիմպավանում կազմակերպված ընդլայնված ասամբլեային, գործկոմի անդամներից բացի, հրավիրված էին մեզանում գործող մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, տարբեր մարզաձևերի հավաքականների մարզիչներ, մարզաշխատողներ . . .
Հիմնականում «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» թեման էր նիստի օրակարգում:
Բացման խոսքով և ընդգրկուն ելութով հանդես եկավ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա մասնավորապես նշեց, որ միջոցառման նպատակը երկուսն են. մարզաշխարհի նշանավոր մարդկանց հանդիպումները կրթօջախներ և երկրորդը՝ գործնական աշխատանքներ: Արդեն հասկանալի է նախաձեռնության նշանակությունը և բնույթը:
Բանախոսը նաև ընդգծեց, որ ՀԱՕԿ –ը կգնահատի բոլոր առաջարկությունները, հանդիպումներ և քննարկումներ կլինեն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Նպատակը առողջ սերունդ ունենալն է: Դա իրագործելի է, քանզի ինչպես միշտ, մարզաշախարհը միասնական է ու չկան ներքին հակասություններ:
Մեծ է հատկապես անվանի վետերանների, գործող մասնագետների և հեղինակություն ունեցող մարզիկների դերը առողջ սերունդ կոփելու, դաստիրակելու գործում:
Խոսուն ելույթներ ունեցան ՀԱՕԿ –ի պատվավոր փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, ՀԱՕԿ –ի փոխնախագահ, Հայ – ռուսական համալսարանի ֆիզդաստիրակության ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր – պրոֆեսոր Արմեն Գրիգորյանը, անվանի մարզուհի, ծանրամարտից միջազգային պաշտոնական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր Հռիփսիմե Խորշուդյանը:
Նրանք բազմաթիվ փաստերով և օրինակներով անդրադարձան օրակարգում ընդգրկված ծրագրին: Հիշեցին նախկինում ստեղծված լավ ավանդույթները և նշեցին դրանք նորովի շարունակելու, կյանքի կոչելու ուղիները: Եվ հույս հայտնեցին, որ բնագավառի նվիրյալները նպատակները կիրականացնեն:
Թեմայի շուրջ առաջարկություններով հանդես եկան նաև ներկաները:
Նիստի ավարտին ներկայացվեց ՀԱՕԿ –ի հայտարարությունը: