
Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի տարրերի անվանակոչության ցանկում գրանցված էր յոթ հայաստանցու անուն: Եվ ահա նշած թիվն ավելացավ ևս մեկով:
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, էջմիածինցի Համլետ Մանուկյանը Փարիզում անցկացված World challenge cup մրցաշարի նժույգթափեր մրցաձևում կատարեց նոր տարր: Այն հիացրեց մասնագետներին և միջազգային ֆեդերացիայի որոշումով ստացավ «Մանուկյան» անվանումը: Իսկ ինքը՝ Համլետը արժանիորեն կանգնեց պատվո պատվանդանի «արծաթե» աստիճանին:
Փարիզյան ստուգատեսին մասնակցեցին 48 երկրների ավելի քան 400 մարզիկներ:
Հիշենք որ, մինչ այս, մեր երկրի մարմնամարզիկներից իրենց անունով տարրերի հեղինակ են դարձել հաջորդաբար՝ օլիմպիական չեմպիոններ, հայրենական սպորտի նահապետ, մեծն Հրանտ Շահինյանը (նժույգթափեր), ՀՀ 20 –րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը (օղակներ), նրանց ստեղծած ավանդույթները շարունակած Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգթափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (նժույգթափեր) ու հիմա էլ՝ Համլետ Մանուկյանը: