ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿՅԱԿԸ

12:17 - 03 Սեպ, 2025

Ուղիղ տասը օր հետո, սեպտեմբերի 13 –ին, Տոկիոյում կմեկնարկի աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Նախնական տվյալներով ասպարեզներում  իրենց ունակությունները կդրսևորեն  աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն վարպետները: Օրինակ, 1500 մետր միջին տարածության վազքում հանդես եկող  բոլոր 56 մասնակիցները, այսպես ասած,  << էլիտ >> վազորդներ են, քանզի ունեն անհրաժեշտ վարկանիշային միավորներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Գրիգոր Բարսեղյանը զրույցում ասաց, որ նրանցից առնվազն տասը  հաղթողի իրական հավակնորդ են հանդիսանում:  

Աթլետիկայի միջազգային ասոցիացիան ընտրյալների շարքում տեղ է հատկացրել  նաև մեր երկրի լավագույն վազորդ, գյումրեցի անվանի Երվանդ Մկրտչյանին: Նրա անձնական մարզիչ, Գրիգոր Բարսեղյանի խոսքով  1, 5 կիլոմետրանոց վազքում  ժամանակից բացի, առավել կարևոր է տակտիկական պայքարը: Դրան  պատրաստ է Երվանդը, թեև նպատակ կա թարմացնել անձնական ռեկորդի ժամանակը, որը այժմ հավասար է 3. 38, 12 – ի:

Ճշգրիտ  հաշվարկներով պետք է կարողանալ լավագույն մարզավիճակով ներկայանալ  սեպտեմբերի 14 –ին նշանակված մրցումային մեկնարկին: Խոստովանենք, որ այդ օրը չափազանց լարված աշխատանք պետք է կատարի մեր մարզիչը: Բանն այն է, որ զուգահեռաբար ասպարեզ կելնի ՀՀ  երկրորդ պատվիրակը: Նրա անունը առայժմ անծանոթ է հայ  մարզասերին, քանզի ազգությամբ ռուս մարզուհին արդեն կրում է ամուսնու ՝ Մաքսիմ Ուսուբյանի ազգանունը: Մարզական կենսագրությունը բավականին հարուստ է: Այս տարի  Նինան  Հայաստանը ներկայացրեց Եվրոպայում առաջին անգամ անցկացված կիսամարաթոնում և ճանաչվեց 11 –րդը: Պետք է գնահատել այն հանգամանքը, որ Սան Ֆրանցիսկոյում  բնակվող 38 –ամյա մարզուհին մարաթոնյան վազորդ է և բազմից մրցանակներ է նվաճել Լոնդոնում, Լոս Անջելեսում, Բոստոնում, միջազգային բազմաթիվ այլ մրցումներում: Մարաթոնիստ մարզուհիներին մարզասերները փաղաքշաբար անվանում են  ճանապարհների ուրվական: Մեր Նինան նպատակ ունի մասնակցել ու հաջողության հասնել 2028թ.  Լոս Անջելեսում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում: Արժե հավելել, որ մարզուհին ունի երկամյա որդի:

Միջոցառման առթիվ զրուցեցինք  նաև մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ: Նա ասաց , որ առաջնությունը աթլետների համար տարվա գլխավոր ստուգատեսն է, որի նախօրյակին տեղի կունենա  մարզաձևի միջազգային ասոցիացիայի համաժողովը: Մասնակիցների թվում է նաև ինքը:

Մրցումները կանցկացվեն Տոկիոյի օլիմպիական ստադիոնում, որի 60 հազար տեղանոց տրիբունաները 2020թ. կայացած օլիմպիական  խաղերի ընթացքում, համավարակի պատճառով, լիովին դատարկ են եղել: Կասկածից վեր է, որ այս ստուգատեսում պատկերը բոլովին այլ կլինի, քանզի ավելի քան 200 երկրի երկու հազար  պատվիրկներ կպայքարեն աթլետիկայի բոլոր 49 մրցաձևերում: Հասկանալի է, որ մարզասերները նաև կճանաչեն  մեդալների 49 հավաքածուին արժանացող մարզիկ- մարզուհիներին:

 

 

Այլ նորություններ