
Առաջիկա օրերին հեռավոր մրցուղերթի կմեկնի Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը: ՌԴ Չիտա քաղաքում սեպտեմբերի 7 – 14 –ը տեղի կունենա Եվրասիայի գավաթի խաղարկությունը:
Մեր թիմը ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հանդես կգա լրիվ կազմով: Մասնագետը արժևորում է խաղարկվող մրցանակները ու, բացի այդ, նա նպատակ ունի լիարժեք պատկերացում ունենալ բոլոր 13 քաշային կարգերում հանդես եկող իր սաների մարզական – մասնագիտական և մարտական որակների մասին: Պետք է պատվով ներկայանալ նաև նոյեմբերի 1 -14 –ը Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական և դրա հետ զուգահեռաբար անցկացվելիք մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Մեր բռնցքամարտիկները Երևան – Մոսկվա – Չիտա չվերթով մրցումների կմեկնեն սեպտեմբերի 5 –ին: Եվրասիայի ստուգատեսին մասնակցության հայտ է առայժմ ներկայացրել 21 երկիր: