
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց Չեխիայի «Սպարտային»։
Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Տանտերերը պարտվեցին 1:2 հաշվով և դուրս մնացին հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» առաջին խաղում նույնպես պարտություն էր կրել / 1:4 /։
Անհաջող հանդես եկավ նաև «Նոան»: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպսին»։
Աբովյանի մարզադաշտում անցկացված խաղում խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտվեց հետխաղային 11 մետրանոցներով՝ 5:6:
Հիմնական և լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Հանդիպումը շարունակվեց հետխաղային 11 մետրանոցներով, որն ավելի հաջող իրացրին հյուրերը:
Թիմերի առաջին մրցամարտը ավարտվել էր 1:1 հաշվով:
«Նոան» ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում և կմրցի Սլովենիայի «Օլիմպիա Լյուբլյանայի» հետ։
Խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մամուլի ասուլիսում նշել է , որ իր սաները ունեցել են մրցակցի դարպասը գրավելու մի քանի հնարավորություն, սակայն դրանք չեն իրացվել: Դեռ վաղ է խոսել դասերի մասին, քանզի պետք է վերլուծել։ Բոլոր վատ բաները իմ մեղքն են, բոլոր լավերը՝ խաղացողների արժանիքը, նշել է Սանդրո Պերկովիչը: