
Մեզանում աթլետիկայի տարածման գործում անուրանալի է Լիպարիտ և Մանվել Մալոյան եղբայրների ներդրումը: Նրանց հիշատակը հավերժացնելու նպատակ է հետապնդում Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի / նախագահ՝ Արշամ Սարգսյան / և Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա միջազգային հուշամրցաշարը:
Հերթական միջոցառմանը մասնակցեցին մայրաքաղաքի, Վանաձորի, Արտաշատի, Կապանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հոնկոնգի և Ղազախստանի մարզիկ – մարզուհիները: Նրանք բոլորը ցատկորդներ են ու հանդես եկան հեռացատկ և եռացատկ մրցաձևերում:
Առավել լարված պայքար ծավալվեց հեռացատկում: Ավելին, ֆրանսիացի Մայաու Ռայհաուն ցատկեց 7մ. 68 սմ. և սահմանեց հուշամրցաշարի ռեկորդ: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին Թեո Չանը / Հոնկոնգ ՝ 7մ. 42 սմ. / և Գոռ Հովակիմյանը / Արտաշատ, 7մ. 29 սմ. /:
Կանանց պայքարում, հաղթանակ տանելու համար չափազանց սուր մրցակցություն ծավալվեց մեր հավաքականի առաջատար, կապանցի Յանա Սարգսյանի և հունաստանցի Պոիրազիդի Նիկոլիայի միջև: Երկու սանտիմետրի առավելությամբ / 6.04 սմ. / հաղթեց Յանան: Երրորդ տեղով բավարարվեց ղազախստանցի Անաստասիա Ռիպակովան / 5մ. 88 սմ. /, որը օլիմպիական խաղերի չեմպիոն Յուլիա Ռիպակովայի դուստրն է:
Եռացատկում բարձր արդյունքներ չգրանցվեցին : Կանանց եռյակում տեղ գտան տանտիրուհիներ Յանա Սարգսյանը,Մարիետա Մինասյանը և Մելինե Ադամյանը:
Տղամարդկանց մրցավեճում հիմնական պայքարն ընթացավ արտաշատցի Գոռ Հովակիմյանի և կապանցի փորձառու Լևոն Աղասյանի միջև: Չորս սմ. –ի առավելությամբ հաղթեց Գոռը ՝ 16մ. 21 սմ.:
Մրցաշարի ընթացքին հետևեցին Մալոյան եղբայրների ընտանիքի անդամները, մարզաշխարհի մարդիկ, մարզաձևի մեծ երախտավոր, արտաշատցի Գրիգոր Սիմոնյանը, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, շատերը:
Մրցանակակիրները արժանացան հավաստագրերի, մեդալների, նվերների և դրամական պարգևների:
Հուշամրցաշարի կայացմանը աջակցել և հովանավորել էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Հյուրերը գոհունակությամբ ու բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին Կապանին և ընդհանրապես Սյունիքին, քանզի կազմակերպիչները նրանց ծանոթացրին որոշ տեսարժան վայրերի հետ: