
Հունահռոմեական ըմբիշների համար հետօլիմպիական առաջին խոշոր ստուգատեսը տեղի կունենա Խորվաթիայի Զագրեբ քաղաքում: Այնտեղ սեպտեմբերի 16 – 21 –ը կանցկացվի աշխարհի առաջնությունը: Ակնկալվում է, որ մրցաշարը լիարժեք պատասխան կտա մասնագետներին հուզուղ հարցերին:
Փարիզի խաղերից հետո, փորձառու որոշ վարպետներ, հնարավոր է հրաժեշտ տան մրցագորգին, իսկ նրանց փոխարինող երիտասարդները գլխավոր թիմում տեղ ունենալու նպատակով համառ պայքար կմղեն: Գոտեմարտերի ընթացքը նաև ցույց կտա՝ ավելի շատ հաջողության են հասնում ֆիզիկապես ուժեղները, թե՝ տեխնիկատակտիկական որակների հարուստ զինանոց ունեցողները: Այս մասին, ենթադրվում է, որ իրենց ծոցատետրերում հարուստ գրառումներ կկատարեն մասնագետները:
ՀՀ հավաքականի անդամները իրենց ապագա որոշ մրցակիցների հետ կծանոթանան Լեհաստանի Ռացիբուժ քաղաքում օգոստոսի 13 – 27 –ը կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարած մասնագետների խումբը մարզավայր կուղեկցի 11 ըմբիշի: Թիմը համատեղ պարապմունքներ կանցկացնի Լեհաստանի, Լիտվայի,. Ռումինիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Դանիայի,Հոլանդիայի, Էստոնիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Կոլումբիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ: Դա նախամեկնարկային ուսմնամարզական նախավերջին միջոցառումն է, որից հետո մեր ըմբիշները նախապատրաստությունը կշարունակեն հայրենիքում: Նպատակ կա մրցավայր ուղեկցել լիարժեք թիմ: