Վրաստանի Բաթում քաղաքում հունիսի 23 –ին կտրվի Իրակլի Աբաշիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի մեկնարկը:Այդ ստուգատեսին ավանդաբար անդամագրվում են կաշվե ձեռնոցի բազմաթիվ հմուտ վարպետներ: Փաստորեն դա ստուգողական հիանալի միջոցառում է, որին Հայաստանը այս անգամ կներկայանա մեծ կազմով:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը զրույցի ժամանակ ասաց, որ ուսումնամարզական հավաք է անցկացվում Գյումրիում: Մարզումներում ընդգրկված է 16 մարզիկ: Նպատակ կա նրանց բոլորին մասնակից դարձնել այդ մրցաշարին:
Պարապմունքները տարվում են տղաների ընդհանուր պատրաստականությունը բարելավելու ուղղությամբ,ասել է թե՝ տեխնիկատակտիկական հարցերին զուգահեռ պետք է բարձրացնել նաև ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության աստիճանը:
Հասկանալի է , որ խաղարկվող մրցանակների արժանանալուց բացի, թիմի մարզիչները ցանկանում են ստուգել իրենց սաների մարզավիճակը, բարոյահոգեբանական, կամային հատկանիշները և այլն: