Աշոցքում ավարտվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Վերջին ՝ արագավազք մրցաձևում / 1200 մետր / դարձյալ հաղթեցին առաջատարները ՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, որոնք դարձան Հայաստանի բացարձակ չեմպիոններ:
Առաջնության մասին կարծիք հարցրինք անցյալի նշանավոր դահուկորդուհի, ԽՍՀՄ պատանիների և երիտասարդների բազմակի հաղթող և մրցանակակիր Ալլա Կապչիկաևա - Միքայելյանի հետ: Նա մասնավորապես ասաց, որ մրցումներում խաղարկված 18 մեդալներից 14 –ը բաժին հասավ Աշոցքի, իսկ չորսը ՝ Գյումրիի ներկայացուցիչներին: Կազմվեց հավաքական, որը կմասնակցի առաջիկա պատասխանատու ստուգատեսներին:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ մեզանում հետընթաց է նկատվում դահուկորդ տղաների մոտ: Նրանք սպասելիքները չեն արդարացնում ընդհանուր պատրաստականության առումով: Տղաներից ընդհանրապես դժգոհում են ամենուրեք: Միջազգային մրցումների, ուսումնամարզական հավաքների և այլ միջոցառումների ժամանակ արտասահմանցի գործընկերները զրույցներում ընդգծում են, որ պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները շատ են բացակայում պարապմունքներից և ավելի շատ զբաղվում են համակարգչային խաղերով:
Գոհացնում են աղջիկները, որոնք մարզաձևում խոստումնալից ապագա ունեն, աչքի են ընկնում կարգապահությամբ, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ, ջանք չեն խնայում տեխնիկական և տակտիկական որակները բարելավելու հարցերում:
Այսօր, հունվարի 10 –ին, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը Իտալիայի Թուրին քաղաք կուղեկցի Սպարտակ Ոսկանյանին և պարալիմպիկ մարզիկ Գարիկ Մելքոնյանին , որոնք կմասնակցեն համաշխարհային ուսանողական խաղերին:
Մրցուղերթի կմեկնեն նաև երկրի բացարձակ չեմպիոններ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը: Նրանք Ֆրանսիայում իրենց ունակությունները կդրսևորեն հունվարի 15 –ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունում: Երկուսն էլ հանդես կգան 10 կմ ազատ, ապա` 20 կմ դասական ոճերում:
Նշած մրցումներին կհաջորդեն ուսումնամարզական – նախապատրաստական հավաքները, նպատակով, որ առաջատարները հաջողության հասնեն Նորվեգիայում փետրվարի 25 –ին մեկնարկելիք աշխարհի առաջնությունում:
Ալլա Միքայելյանը նաև նշեց, որ դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հաջորդ ՝ մրցաշրջան 2026 –ին Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ազատ քարտայինների նախնական ցանկում արդեն ընդգրկել է Միքայել Միքայելյանի, Սպարտակ Ոսկանյանի և Կատյա Գալստյանի անունները: Վերջնական որոշումը կհաստատվի մեկ տարի հետո: Սա չի նշանակում, որ մեր դահուկորդները չեն պայքարի խաղարկվելիք օլիմպիական ուղեգրերի համար:
Մարզաձևում ընդհանուր վիճակը անհամեմատ լավ կլիներ, եթե դրական լուծում ստանար Աշոցքում դահուկային սպորտի մարզադպրոց բացելու տարիներով չարկչրկվող հարցը: