Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Սամսունում կայացած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:
«Լարվածության առումով այս մրցաշարը համեմատելու չէր ո'չ Եվրոպայի, ո'չ աշխարհի առաջնությունների հետ: Ես գնալուց առաջ ասել էի, որ գնում ենք «մեր պատերազմին», որտեղ պետք է միայն հաղթենք: Ես գոհ եմ տղաներից: Ինչ վերաբերում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունը` դա կապված էր միայն անվտանգության ապահովման հետ: Նա մտավախություն ուներ, որ թշնամի երկրում անվտանգ չի լինելու: Այնուհետև մենք հանդիպեցինք Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ով խոստացավ, որ մեր թիմի անվտանգությունը ապահոված կլինի: Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն: Պարոն Ծառուկյանը խոստացավ, որ թե անվտանգությունը և թե մրցավարությունը կլինեն բարձր մակարդակի վրա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտել ՀԱՕԿ-ին և պարոն Ծառուկյանին, քանի որ վերջին տասը տարում չեմ հիշում, որ արդար դատեն և չխլեն մեր հաղթանակները` բացառությամբ Բաչկովի կիսաեզրափակչի մենամարտի: Ընդհանուր առմամբ մեր մարզիկները 29 մենամարտ են անցկացրել` 18-ում հաղթել են, 11-ում պարտվել: Վերջին 10-15 տարում ես այսպիսի բան չեմ հիշում»,-շեշտեց Աղամալյանը:
Սամսունում` Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ այս ուղեգրերը թիմային աշխատանքի շնորհիվ են:
«Այն, որ մենք Թուքիայում նվաճեցինք ավելի շատ ուղեգիր քան տեղացիները, դա մեր բոլորիս հաղթանակն էր: Սա բռնցքամարտիկների,մարզիչների, ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի ընդհանուր հաղթանակն էր: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը զանգահարեց, շնորհավորեց: Շատ հպարտ և ուրախ էր: Բոլորս էլ ուրախ ենք: Տղաներին մնում է լավ աշխատել և ըստ արժանվույն մասնակցել Օլիմպիական խաղերին»,-փաստեց նա:
Խոսելով Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտի մասին` Գաբրիելյանը մասնավորապես ասաց. «Բաչկովը չի պարտվել, դա ասում եմ, որպես մասնագետ: Այստեղ գալուց առաջ ես խոսեցի ՀԱՕԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի հետ, ով ասաց, որ հնարավոր ամեն ինչ կանի, ուղիներ կփնտրի, որպեսզի Բաչկովն ուղեգիր ունենա: Նա իսկապես արժանի է»:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղն զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին