Աշխարհում չկա այդպիսի մի քաղաք, որ Երևանից շատ սիրեմ. Արթուր Աբրահամ

10:47 - 12 Հոկ, 2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան» 2797-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

«Ես ապրում եմ Երևանում արդեն 35 տարի և իմ կարծիքով ամեն երևանցու երազանք է, դառնալ պատվավոր քաղաքացի: Ես շատ ուրախ և երջանիկ եմ Երևանի պատվավոր քաղաքացի դառնալու համար: Երևանն իմ երազած քաղաքն է, ես այստեղ ծնվել եմ և այստեղ մեծացել եմ, աշխարհում չկա այդպիսի մի քաղաք, որ Երևանից շատ սիրեմ: Բայց կցանկանայի որ Երևանն ավելի շատ աճեր և զարգանար, լիներ այնպիսի մի քաղաք, որ ամբողջ աշխարհը ուզենար մեզ այցելել»,-նշեց  Աբրահամը:

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: 

Այլ նորություններ