ՄՕԿ –ի գործընկեր Airbnb գործակալությունը առաջիկա ամառային օլիմպիական խաղերի երկու երկրպագուի առաջարկում է յուրահատուկ գիշերակաց անցկացնել խորհրդանշական Օռսե թանգարանում: Այնտեղ նրանք կվայելեն << Փարիզ - 2024 >> խաղերի բացման արարողության անզուգական տեսարանները:
Հուլիսի 26-ին միայն երկու հյուրերը կգիշերեն թանգարանի խորհրդանշական ժամացույցի սենյակում: Այն շքեղ ննջասենյակի է վերածել օլիմպիական ջահի դիզայներ Մաթյո Լեհաննեն:
Ննջասենյակը գտնվում է նախկին երկաթուղային կայարանի հինգերորդ հարկում: Ժամացույցի սենյակից բացվում են քաղաքի և Սենա գետի հիասքանչ տեսարանները: Այնտեղ տեղադրված է 125-ամյա պատմական ժամացույցը:
Հյուրերը նաև մասնավոր էքսկուրսիա կանցկացնեն, կծանոթանան թանգարանի իմպրեսիոնիստական ստեղծագործություններին, ներառյալ՝ հայտնի նկարիչներ Մանեի, Ռենուարի, Գոգենի, Վան Գոգի, մյուսների: Հյուրերը նաև գուրման ընթրիք կվայելեն: Նրանց կհրամցվեն ֆրանսիական խոհանոցի լավագույն ուտեստները:
Օրսեի թանգարանը հայտնի է իմպրեսիոնիստական արվեստի իր հարուստ հավաքածուով և ցուցադրում է 1848- 1914թթ. արևմուտքի գեղարվեստական ստեղծագործությունները:
Հավաքածուները ներկայացնում են արտահայտման բոլոր ձևերը. նկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն, դեկորատիվ արվեստ և լուսանկարչություն: