ԱՊԱԳԱ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ`« ՏԻՏԱՆԻԿՈՒՄ »

11:57 - 17 Ապր, 2024

Ինչպես հայտնի է, 112 տարի առաջ, 1912թ. ապրիլի 15-ի գիշերը,  Ատլանտյան օվկիանոսի սառցե ջրերում այսբերգի հետ բախվելու պատճառով  է խորտակվել  «Տիտանիկ» նավը: Այդ ողբերգությունը խլել է ավելի քան 1500 մարդու կյանք: Եղել են նաև փրկվածներ:

Քչերին է հայտնի, որ նրանց թվում է եղել  100 տարի առաջ՝  1924թ. Փարիզի օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի խառը զուգախաղերում Հեյզել Հոտչքիս-Ուայթմանի ընկերակցությամբ  չեմպիոն հռչակված  ամերիկացի Ռիչարդ Ուիլյամսը։

Արժե նշել, որ նա  «Տիտանիկում»  է եղել  հոր՝ Չարլզ Դուան Ուիլյամսի հետ:

Այն բանից հետո, երբ նավը բախվել է  այսբերգին, նրանք  նավը լքելու փորձ չեն արել և, ով զարմանք,   իջել են  մարզասրահ: Իսկ նավի  խորտակումից հետո  Ռիչարդն ու  հայրը  ջանացել են լողալով ապահով տեղ հասնել: Բայց հորձանուտը կուլ է տվել հորը, իսկ օլիմպիական ապագա  չեմպիոնը փրկվել է:

Բժիշկները ողջ մնացած Ուիլյամսին խորհուրդ են տվել անդամահատել  ցրտահարված ոտքերը: Նա հրաժարվել է և շարունակել է  կանոնավոր մարզումները:

Հաջորդել են հաղթանակները   ԱՄՆ-ի առաջնություններում, Դևիսի գավաթի խաղարկություններում և այլուր:

Ռիչարդ Ուիլյամսը գործուն սպորտին հրաժեշտ է տվել 44, իսկ երկրային կյանքին ՝ 77 տարեկան հասակում:

 

 

 

Այլ նորություններ