Միջազգային մրցաշարի երկրորդ շրջանում հայ հրաձիգները բարելավեցին արդյունքները

10:12 - 28 Հուն, 2018

Երեկ հրաձգության Մյունխենի միջազգային մրցաշարում մրցումային վերջին օրն էր։ Երկրորդ շրջանում հայ հրաձիգներն ավելի հաջող հանդես եկան եւ բարելավեցին իրենց միավորները։ Այս մրցաշարում Հայատանի պատանեկան հավաքականի անդամները հանդես էին գալիս երիտասարդների պայքարում։ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը։ 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում Ալլա Պողոսյանը 12-րդն էր։ Մյունխենում 15-ամյա Պողոսյանի խոցած միավորը համապատասխանում է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը։

Նույն մրցաձեւում երիտասարդ տղաների պայքարում Նարեկ Ադամյանը 14-րդ տեղում էր, իսկ Հայկ Բաբայանը՝ 28-րդ։ Մեծահասակների պայքարում Հրաչիկ Բաբայանը 10 մ օդամղիչ հրացանում 65-րդն էր, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 68-րդը։ Իրենց միջոցներով Մյունխենի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականին էին միացել  Քրիստիան եւ Իրինա Լաուերները։ Նրանք, համապատասխանաբար, զբաղեցրին 90-րդ եւ 57-րդ տեղերը (10 մ օդամղիչ հրացան)։

Մյունխենյան միջազգային մրցաշարը տարվա ուժեղագույն մրցաշարերից է։ Այն մասնակիցների քանակով չի զիջում Եվրոպայի առաջնությանը։ Սեյրան Նիկողոսյանի գլխավորած հավաքականը կվերադառնա Երեւան եւ կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Այն հատկապես կարեւոր է մեր պատանի հրաձիգների համար, քանի որ աշխարհամասի առաջնությունը վարկանիշային է Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի համար։ Մյունխենի միջազգային մրցաշարում հայ պատանիների գրանցած արդյունքները մրցունակ են աշխարհամասի պատանիների առաջնության համար եւ նրանք օլիմպիական ուղեգրի մեծ շանսեր ունեն։

Այլ նորություններ