ԶԳԱՑՎՈՒՄ Է ԽԱՂԵՐԻ ՇՈՒՆՉԸ

12:17 - 25 Մայ, 2023

Լեհաստանի Կրակով-Մալոպոլսկայում,  Եվրոպական  երրորդ խաղերի մեկնարկից չորս շաբաթ առաջ,  վաճառվել են ստուգատեսի  բացման և փակման արարողությունների տոմսերը:

Ընդհանրապես  մարզական  խոշոր իրադարձությունների բացման և փակման արարողություններին ամենաշատ հաճախելիությունն է գրանցվում: Խաղերի կազմկոմիտեն  տեղեկացնում է,որ  այդ միջոցառումները կներկայացվեն գեղարվեստական ելույթներով,  երաժշտական հագեցվածությամբ, անվանիների  երգ ու  պարով,   ժամանակակից տեխնոլոգիական էֆեկտներով և այլն:

Հապա ջահի բոցավառումը: Խաղերի կրակը Լեհաստան է  հասել  Հռոմից և վերջին մեկ ամսվա ընթացքում  փոխանցավազքով շրջում է երկրով մեկ: Կլինեն նաև հաճելի անակնկալներ:

Օլիմպիական խաղերի օրինակով Հենրիկ Ռեյմանի  մարզադաշտում , որը տեղավորում է  ավելի քան 30000 հանդիսական, դրոշակակիրների ուղեկցությամբ ստադիոն կմտնեն հին աշխարհամասի  48 երկրների պատվիրակություններ:

12-օրյա մրցումների ընթացքում, 29 մարզաձևերում,  մեդալների 250 հավաքածուի  և որոշ ձևերում Փարիզի օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն  յոթ հազար մարզիկ – մարզուհիներ:

Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նշանակված է հունիսի 21 –ին, փակմանը՝  հուլիսի 2 –ին:

 

Այլ նորություններ