ՀԱՕԿ, ԱՕԿԱ, ԵՕԿ նախագահները շահագործման հանձնեցին «Օլիմպավան»-ը

15:22 - 29 Սեպ, 2015

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի,  Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի մասնակցությամբ շահագործման հանձնվեց ՀԱՕԿ-ի «Օլիմպավան»-ը:

Մինչ բարձրաստիճան հյուրերը կծանոթանային նոր և բազմաֆունկցիոնալ «Օլիմպավան»-ին, բարձրացվեցին ՄՕԿ-ի, ՀԱՕԿ և Հայաստանի Հանրապետություն դրոշները: Շեյխ ալ Սաբահը և Պատրիկ Հիկեն խորհրդանշական ծառեր տնկեցին «Օլիմպավան»-ի բակում:  ՀԱՕԿ նախագահը Գագիկ Ծառուկյանը, ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն և ԱՕԿԱ նախագահ շեյխ ալ Սահաբը միաժամանակ կտրեցին «Օլիմպավան»-ի գրասեննքի կարմիր երիզը: 

Միջազգային կառույցների ներկայացուցիչները և հայկական մարզաշխարհի կարկառուն դեմքերը ծանոթացան «Օլիմպավան»-ի գրասենյակային շենքի, մարզադպրոցի և հյուրանոցի հետ: Որից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի մասնակցությամբ կայացավ ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված հատուկ նամականիշների մարման արարողությունը:  «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել որպես Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ: Հրաշալի է, որ միասին նշում ենք այս հոյակապ կառույցի բացումը: Ես այստեղ էի նախորդ տարի սեպտեմբերին, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ և չէի հավատում, որ մեկ տարի անց այս կառույցը արդեն ավարտված կլինի: Շնորհավորում եմ բոլորիդ՝ ՀԱՕԿ-ի հարգարժան նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»,-ասաց Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: 

«Օլիմպավան»-ի շինարությունը մեկնարկել էր 2013 թվականին: Բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական հսկա մարզաբազա է, իր մոտ 7500 քմ. մակերեսով։Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 300 մարզիկի, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով: Այստեղ մարզվելու են հավաքական թիմեր։ 2014 թվականին Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ՄՕԿ և ԵՕԿ նախագահների Օլիմպիական ավանի շինհրապարակ կատարած շրջայցի ժամանակ Միգազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ Օլիմպիական ավանի նման մարզաբազաները աշխարհում եզակի են: Ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի, խաղային և ջրային մարզաձևերի մարզադահլիճներով,սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոններով է հագեցած օլիմպիական ավանը: Իսկ օլիմպիավանի բարձրակարգ հյուրանոցային մասնաշենքը կարող է հյուրընկալել մոտ 350 մարզիկի: Բացի մասնագիտացված մարզադահլիճներից, մարզական օլիմպում գործելու են նաև բացօթյա մարզահրապարակներ և խաղահրապարակներ,կա նաև հանգստյան գոտի։

Այլ նորություններ