ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ

10:37 - 13 Փետ, 2023

Հայաստանի բռնցքամարտի գլխավոր հավաքականի համար հուսալի հերթափոխ է աճում: Այս մասին վկայեց  մայրաքաղաքի << Դինամոյում >> անցկացված հանրապետության  երիտասարդական առաջնությունը:

Ռինգ ելած ավելի քան 140 մրցողների ընդհանուր պատրաստականությունը, ըստ էության, մարզասերին գոհացրեց դեռևս մեկնարկային մենամարտերի ժամանակ: Նաև դրա շնորհիվ էր օրավուր ավելանում երկրպագուների թիվը:Առավել դիտարժան էին կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի հանդիպումները / խոսքը թերևս չի վերաբերում առանձնապես 75 կգ քաշայիններին /:  Դրանք վկայեցին, որ շնորհալիների պակաս չունենք:

Թող չստեղծվի այն տպավորությունը, թե մասնակիցները լիովին գոհացրին վարպետության առումով: Տղաների գործողություններում նկատելի էր տեխնիկական և տակտիկական հարցերում տեղ գտած խոտանը: Այս մասին նշում ենք, նկատի ունենալով առաջիկա ապրիլի 25 –ին Երևանում սկսվող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

Պարզ է, որ քիչ ժամանակ է մնացել լիարժեք նախապատրաստության համար: Այս պարագայում առավել որոշիչ է դառնում հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և նրա օգնականների դերը: Հույս են  ներշնչում նշած մասնագետի ահռելի փորձն ու հմտությունները: Բավական է հիշեցնել, որ նրա անձնական տասնյակ սաները լուրջ հաջողությունների են հասել համամիութենական ու միջազգային պատասխանատու մրցաշարերում: Էլ չենք ասում նրա գխավորած թիմերի դրական ելույթները միջազգային ասպարեզներում:

Անկասկած, թիմի մարզչական խումբը ջանք չի խնայի կազմ ու պատրաստ հավաքական ներկայացնել ՄՀՀ – ռինգում: Վստահ ենք, որ ընտրյալների անձնական մարզիչները նույնպես պատրաստ են անհրաժեշտության դեպքում նեցուկ լինել թիմը ղեկավարող գործընկերներին: Ասածին եթե հավելենք նաև մրցողների մարտունակությունը, ապա եվրոպականում հնարավոր կլինի արդարացնել սպասելիքները:

ՀՀ առաջնության հաղթողներ դարձան՝ 48 կգ՝  Հովհաննես Հարությունյանը, 51 կգ՝  Դավիթ Սաֆարյանը, 54 կգ ՝ Էրիկ Առստամյանը, 57 կգ՝  Գոռ Ազիզյանը, 60 կգ՝  Ոսկան Ոսկանյանը, 63,5 կգ՝  Արթուր Մկրտչյանը, 67 կգ՝   Յուրա Բաբլումյանը, 71 կգ՝  Արման Միսկարյանը, 75 կգ՝ Արմեն Պողոսյանը, 80 կգ՝  Համլետ Ադամյանը, 86 կգ՝ Դավիթ Սիմոնյանը, 92 կգ՝  Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Աղջիկներ.  48 կգ՝ Լուսինե Գևորգյան, 54 կգ՝ Լուսյա Ավետիսյան, 57 կգ՝  Զուլիա Լալայան և 63 կգ՝  Լիլիթ Ասատրյան:

Այլ նորություններ