27-րդ տեղում լինելը մեզ համար իսկապես հաջողություն է. Գագիկ Սարգսյան

18:50 - 13 Փետ, 2016

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց երկրորդ Օլիմպիական խաղերին մասնակից Հայաստանի ներկայացուցիչ դահուկորդ Միքայել Միքայելյանի մեկնարկային ելույթի մասին, ինչպես նաև կիսվեց տպավորություններով բացման արարողության մասին:

 -Ինչպե՞ս եք հարմարվել օլիմպիական ավանում, և ի՞նչ տպավորություններ ունեք այս երկու օրերից հետո:

 -Մենք բարձր ենք տրամադրված: Այստեղ կարևորում եմ այն երևույթը, որ մենք միասնական թիմ ենք, և ներկայացնում ենք Հայաստանը: Այդ ամենը խորապես գիտակցում է նաև մեր մարզիկ Միքայել Միքայելյանը: Զավեշտական դիպված եղավ մեր ժամանման օրը: Պարզվեց, որ դահուկների մեկ զույգը չկար, որի պատճառով այդ օրը մարզումներ չեղան: Մեր գործընկերները մեզ տրամադրեցին դահուկներ: Հարկադրված եղանք բոլոր օլիմպիականների դահուկների սենյակները ստուգել և գտանք Ավստրիայի մարզիկների դահուկների հետ: Այս խաղերն իսկապես բարձր մակարդակով է կազմակերպված: Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ լուրջ են մոտեցել ամեն մի մանրուքի:

-Օլիմպիական թիմը մասնակցեց բացման արարողությանը, տպավորություններն ինչիսի՞ն են:

 -Ամեն ինչ հրաշալի էր: Բացման արարողությունն իսկապես տոնի էր վերածվել: Հատկապես հուզիչ էր այն, որ երկրորդ անգամ է Օլիմպիական խաղեր անցկացվում Լիլեհամերում: Ամբողջ բացման արարողությունը տրամաբանորեն կապված էր 1994 թ. խաղերի բացման հետ: Հիացած, ուրախ ենք և շնորհակալ ենք կազմակերպիչներից:

-Եվ այսօր Միքայել Միքայելյանը մեկնարկեց ազատ ոճում: Ի՞նչ գնահատական կտաք նրա ելույթին:

 -Երբ նախօրեին ինձ հարցում արեցին, ես հրաժարվեցի որևէ կանխատեսում անել: Անշուշտ, շատ էի կամենում, որ մեր մարզիկը հաղթահարի որակավորման փուլը, քանի որ նման մեկնարկ անցկացվեց առաջին անգամ, և որին մասնակցեցին 30 երկրների մարզիկներ: Այստեղ էին աշխարհի լավագույն մարզիկները և 27-րդ հորիզոնականը մեզ համար հաջողություն է: Եթե հաշվի առնենք մեր մարզիկի տարիքը, ապա այդ տարիքում սպրինտում նման արդյունք չենք ունեցել:

Լիլեհամեր, Նորվեգիա

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

Այլ նորություններ