Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) զրկվեց երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորությունից։
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը Մանուկյանը սփոփիչ գոտեմարտ անցկացրեց Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուշ Կուլինիչի հետ և պարտվեց՝ 3։3։ Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում 1։5 հաշվով պարտվել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին։
Բելենյուկը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։
Հունիսի 30-ին ոսկե մեդալի համար պայքարելու է Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացրել են նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ)։
Մելիքյանը պարտվել է մեկնարկում, Ասլանյանը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր։