Արմեն Բաբալարյան. Երիտասարդական հավաքականը, այսպես ասած, միջանկյալ թիմ է

18:24 - 27 Մար, 2017

Այսօր ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ առաջնության մասնակիցների քանակը գոհացուցիչ չէր.

«Առաջնությանը մասնակցեցին մոտ 100 ըմբիշներ: Նախորդ տարիներին ավելի շատ ըմբիշներ ենք ունեցել: Հիմա ձեւավորելու ենք հավաքականի կազմը, որը կմասնակցի առաջիկա հավաքներին եւ միջազգային մրցաշարերին: Մի քանի պատանի ըմբիշներ, որոնք նոր են անցել այս տարիքային խումբ, կարողացան հաղթանակներ տանել եւ նույնպես կհրավիրվեն:

Առաջնությունը միջին մակարդակի է: Երիտասարդական հավաքականը, այսպես ասած, միջանկյալ թիմ է: Պատանիների տարիքային խմբից գալիս են, մինչեւ ծանոթանում ենք, սկսում յուրաքանչյուրին իր ոճը տալ, արդեն մեծահասակներին միանալու ժամանակն է գալիս»,-նշեց Արմեն Բաբալարյանը:

Մարզիչը հայտնեց նաեւ, որ ապրիլին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իրանում.

«Այդ հավաքը լինելու է Իրանի երիտասարդական թիմի հետ: Կհրավիրվեն 20-25 ըմբիշներ: Այնուհետեւ, միջազգային մրցաշարերի կմասնակցենք Ղազախստանում եւ Վրաստանում: Հետո եւս մի քանի հավաք կունենանք: Այդ ընթացքում ըմբիշները միջազգային գորգի փորձ ձեռք կբերեն, կտեսնենք` ինչ բացթողումներ ունեն, կփորձենք շտկել խնդիրներն ու առավելագույն չափով պատրաստվել Եվրոպայի առաջնությանը»,-ասաց Արմեն Բաբալարյանը:

Այլ նորություններ