Մինսկ-2019. Կարապետ Չալյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե

20:00 - 28 Հուն, 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) Եվրոպական խաղերի չեմպիոն դառնալու հնարավորություն ունի:

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում Չալյանը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լյորինցի հետ:

Հայ ըմբիշը 4:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ:

1/4 եզրափակիչում Չալյանը գոտեմարտեց մոլդովացի Իգոր Բեսլագայի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարավ:

Հունիսի 28-ին պայքարի դուրս եկած Կարեն Ասլանյանն էլ (67 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց վրացի Շմագի Բոլկվաձեի հետ և 0:5 հաշվով պարտություն կրեց:

Այսպիսով, Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Գոտեմարտը կկայանա հունիսի 29-ին: Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից:

Մեկնարկային գոտեմարտում Ասլանյանը 4:0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Սվիլեն Կոստադինովի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում 6:1 հաշվով հաղթեց նորվեգացի Հովարդ Յորգենսենին:

Այսօր գորգ էր դուրս եկել նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), ով մեկնարկային գոտեմարտում 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին:

Այլ նորություններ