Ճապոնիայում ներկայացվել է Տոկիո-2020-ի օլիմպիական ջահը

14:30 - 20 Մար, 2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մարտի 20-ին անցկացվել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի օլիմպիական ջահի շնորհանդեսը: Ալյումինից պատրաստված ջահը կշռում է 1.2 կգ:

Վերեւից ջահը նման է սակուրա ծաղկի, որը Ճապոնիայի ազգային խորհրդանիշն է: Օլիմպիական ջահի պատրաստման մետաղի ընտրությունը պատահական չէ: 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո բազմաթիվ մարդիկ ապրում էին ալյումինից պատրաստված ժամանակավոր կացարաններում: Այդ կերպ օլիմպիական ջահի հեղինակները ցանկացել են հարգել 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Հենց 2020թ. մարտի 11-ին կվառվի օլիմպիական կրակը: Ջահը Ճապոնիա կվերադառնա մարտի 20-ին, իսկ 6 օր անց կմեկնարկի օլիմպիական կրակի փոխանցումավազքը: Սկզբում օլիմպիական ջահը կուղեւորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել են նաեւ օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այլ նորություններ