Շենգավիթի թաղապետարանի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի նետաձգության ձմեռային առաջնությունը: Ասպարեզ ելան 45 մարզիկ –մարզուհիներ: Նրանք մրցեցին 18 մետր հեռավորությունից ` երկուական նետարձակումով: Չեմպիոններ դարձան Վասիլ Շահնազարյանը և Մերի Մխաջրջյանը:
Մրցաշարի արդյունքներով ձևավորվեց հավաքական, որը փետրվարի 10 –ին` 15 –օրյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Բաթում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանն ասաց, որ մասնակիցներն աչքի չընկան դիպուկությամբ, քանզի սա մրցաշրջանի առաջին մեկնարկն էր: Առաջիկա մարզումների և ուսումնամարզական հավաքի ընթացքում նշանառուները կվերականգնեն իրենց ունակությունները, ձեռք կբերեն լավ մարզավիճակ, որից հետո մեր երեք պատվիրակներ կմեկնեն Թուրքիայի Սամսուն քաղաք և կմասնակցեն փետրվարի 24 –ին սկսվող Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Կհաջորդի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ կվիճարկվեն Մինսկում հունիսին անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի ուղեգրեր: Նույն ամսին, Հոլանդիայում, մեր պատվիրակները հանդես կգան աշխարհի առաջնությունում: 1 – 44 –րդ տեղերն զբաղեցնողներին կշնորհվեն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
ՀԱՕԿ լրատվական բաժին