Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է

11:30 - 08 Հուն, 2018

Անցած տարին հայկական հեծանվասպորտի համար միանշանակ հաջողված կարելի է համարել: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հանրապետական օլիմպիական հերթափոխի մանկապատենական մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը.

«Նախ եւ առաջ շատ ուրախ ենք հեծանվորդ Էդգար Ստեփանյանի՝ տասը լավագույն մարզիկների ցանկում հայտնվելու կապակցությամբ: Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման բան առաջին անգամ եղավ: Աշխարհի գավաթի խաղարկության նրա արծաթե մեդալը եւս աննախադեպ նվաճում էր: Էդգարը երկրորդ տեղը զբաղեցրեց Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների եւ մրցանակակիրների հետ պայքարում: Այս հաջողության հետեւում նախագահ Արման Սահակյանի գլխավորությամբ մեր ամբողջ ֆեդերացիայի հսկայական աշխատանքն է: Հեծանվասպորտում շատ դժվար է հասնել նման հաջողության, իսկ մենք դա արեցինք այնպիսի մրցակիցների հետ պայքարում, որոնց բյուջեն հարյուրապատիկ ավելի է մերից: Ի դեպ, պետբյուջեից հատկացվող մեր ֆինանսավորումն այս տարվանից կավելանա, ինչի համար շնորհակալ ենք: Հաճելի է, երբ աշխատանքդ արժանիորեն գնահատում են:

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունենք: Մենք մասնակցում ենք 1996 թվականից, բայց միշտ «սպիտակ քարտով»: Այժմ Էդգարը հնարավորություն ունի սեփական ուժերով Տոկիոյի խաղերին մասնակցելու իրավունք վաստակել: Դա մեր գլխավոր նպատակն է եւ մեր ամբողջ ուժերն ու հնարավորությունները կուղորդենք դրան հասնելու համար:

Ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հերթափոխի պատրաստմանը: Լավ սերունդ է մեծանում, որն ապագայում կարող է փոխարինել առաջատարին: Կնշեմ Ռոբերտ Խաչատրյանին, Տիրան Մարտիրոսյանին, Լեւոն Լավչյանին, Ամու Ասուբովին: Նրանք դեռ պատանիների տարիքային խմբում են հանդես գալիս, լավ արդյունքներ են ցուցադրում եւ կարող են առաջընթաց ունենալ:

Ինչ վերաբերում է 2011 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Մհեր Մկրտչյանին, ինչպես գիտեք, նա Ֆրանսիայում է, որտեղ էլ հանդես է գալիս տեղի ակումբում: 2017 թվականին նա անհաջող ընկավ հեծանիվից եւ վնասվածք ստացավ: Դրանից հետո նրան դեռ չի հաջողվել լավ մարզավիճակ ձեռք բերել: Այդ պատճառով մենք շեշտն Էդգարի վրա ենք դրել: Սակայն Մհերը լավ մարզիկ է, որը կարող է կրկին բարձր արդյունքներ ցույց տալ:

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Հոլանդիայի Ապելդորն քաղաքում կկայանա հեծանպահրապարակի աշխարհի առաջնությունը: Էդգարը Հայաստանը կներկայացնի սկրեչ մրցաձեւում, իմիջիայլոց այս մրցաձեւում նա 16-րդն է Հեծանվորդների միջազգային միության (UCI) վարկանիշային աղյուսակում: Աշխարհի առաջնությունից հետո բոլոր արդյունքները կզրոյանան, եւ կսկսի պայքարն օլիմպիական ուղեգրերի համար: Ապագայում վարկանիշային միավորներ հնարավոր կլինի հավաքել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի փուլերում, Հեծանվորդների միջազգային միության (UCI) հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերում: ՀՀՖ-ն նախագահի գլխավորությամբ ակտիվ աշխատանքներ է ծավալում հավելյալ ֆինանսական միջոցներ գտնելու ուղղությամբ, որպեսզի Ստեփանյանն ավելի շատ միջազգային մրցաշարերում կարողանա հանդես գալ: Չմոռանանք նաեւ պատանիներին, որոնց այս տարի սպասվում են հեծանվահրապարակի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները: Հանրապետության առաջնությունում մենք հատուկ սանդղակ կսահմանենք, որին հասնելով մարզիկները կկարողանան ներկայացնել Հայաստանը կարեւոր միջազգային մեկնարկներում»,- եզրափակեց Մարտին Շարբաթյանը:

Այլ նորություններ