Հռիփսիմե Խուրշուդյան. Վերադարձս մեծ սպորտ շատ սպասված է

14:41 - 21 Դեկ, 2017

«Վերջապես լսեցի այդքան սպասված լուրը՝ 2018 թվականի մայիսից որակազրկումը կասեցվում է: Եւ այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ»:

Նա միշտ եղել է կանանց հայկական ծանրամարտի առաջատարներից: Դոպինգ սկանդալը, որակազրկումը նրան հիասթափեցրին, բայց չկոտրեցին: Մարզվեց, հավատաց ու հույսով սպասեց: Հիմա արդեն պարզ է՝ սա նոր սկիզբ է: Հռիփսիմե Խուրշուդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հիասթափությունների, վերադարձի ու նոր նպատակների մասին.

«Վերադարձս շատ սպասված է: Քնում եւ արթնանում էի լավ լուր լսելու հույսով: Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգեց ու ասաց, որ կարող եմ նորից մրցումների մասնակցել՝  քիչ էր մնում ուշագնաց լինեի ուրախությունից:

Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի: 19 տարի ես այս մարզաձեւով եմ ապրում: Սա փորձություն էր, որը պետք էր հաղթահարել: Ես մեծ կամքի ուժ ունեմ եւ նահանջող մարդկանցից չեմ: Հիասթափություններ ունեցել եմ, չեմ ցանկացել ոչ մեկի հետ խոսել, շփվել: Կարծես հիշողությունս կորցրած լինեի, ագրեսիվ էի բոլորի հանդեպ, նույնիսկ երեխայիս հետ չէի կարողանում հանգիստ շփվել: Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները: Բայց իմ մեջ ուժ եմ գտել եւ հաղթահարել բոլոր դժվարությունները: Եւ այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ:

Ես շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին: Եթե նա չլիներ՝ ես չէի վերադառնա: Նա է ինձ ոգեւորել, ուժ տվել: Պարոն Ծառուկյանը միշտ ինձ հարցնում էր՝ արդյո՞ք մարզվում եմ: Նա ասում էր, որ ամեն ինչ կանի իմ վերադարձի համար: Ասաց եւ արեց»,- նշեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Այս ընթացքում հայ ծանրորդը չի դադարեցրել  մարզումները, պահպանել է ֆիզիկական վիճակը: Իսկ հիմա մարզվում է մեծ խանդավառությամբ: Երկար դադարից հետո նա առաջին անգամ մրցահարթակ կմտնի 2018 թ. աշխարհի առաջնությունում.

«Ցավոք սրտի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, ժամկետների մեջ մեկ ամիս չեմ հասցնում: Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում ՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս:

Առաջին հերթին ցանկանում եմ վերադարձնել  մարդկանց վստահությունը: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մեդալներն են»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Այլ նորություններ