Արա Պողոսյան. Ա լիգայի հանդեպ հետաքրքրությունն աճում է

18:02 - 18 Դեկ, 2017

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը եւ «Ուրարտու» ակումբի եւ Հայաստանի հավաքականի խաղացող Էդգար Բաբայանը:

Տարին Հայաստանի համար բասկետբոլային էր: Տարբեր տարիքային վեց հավաքականներ մասնակցեցին պաշտոնական միջազգային մրցաշարերի՝ հասնելով նկատելի հաջողությունների: Անցկացվում են Ա լիգայի եւ Հայաստանի պատանեկան առաջնություններ, ինչի մասին մինչեւ վերջերս անգամ երազել չէինք կարող:

Ա լիգայի առաջնությունում (յոթ թիմ) ավարտվեց առաջին շրջանը: Չորս ակումբներ ներկայացնում են Երեւանը, երկուսը՝ մարզերը («Շիրակ», «Արթիկ»), մեկը՝ Արցախը: Չորս ուժեղագույն թիմերը կխաղան փլեյ-օֆֆում: Բացի ակնհայտ առաջատար «Ուրարտուից», փլեյ-օֆֆին հավակնում է եւս հինգ ակումբ: Առաջնության խաղերով հետաքրքրված են երկրպագուները, խաղերը հեռարձակվում են հեռուստատեսությամբ եւ համացանցով: Ա լիգայի շնորհիվ ազգային հավաքականի մի շարք խաղացողներ այսօր ստանում են կայուն խաղային պրակտիկա: Հովանավորներն աջակցություն են ցուցաբերում, մինչդեռ վերջերս հայկական բասկետբոլ լսելիս նրանցից շատերի դեմքին ժպիտ էր հայտնվում:

«Իհարկե ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Կան շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ, սակայն մենք տրամադրված ենք առաջ շարժվելու: Կան մրցավարության հետ կապված խնդիրներ, որի մակարդակն այնքան էլ բարձր չէ: Ցանկանում ենք եվրոպացի մասնագետների հրավիրել, որպեսզի սովորեցնեն տեղացի մրցավարներին: Հատկապես մարզերում մարզիչների պակաս է զգացվում: Չկա նյութական եւ տեխնիկական բազա: «Շիրակը» եւ «Արթիկը» տնային հադիպումները շատ վատ պայմաններում են անցկացնում: Գնդակը հատակից անդրադառնում է մի քանի մետր այն կողմ: Կողքից թվում է՝ բասկետբոլիստը գնդակի հետ վարվել չգիտի: Դա ակումբների մեղքը չէ, այլ նրանց ցավը: Նյութական աջակցություն է հարկավոր, հուսամ՝ Ա լիգան կգրավի նոր հովանավորների ուշադրությունը, որոնք կցանկանան օգնել հայկական բասկետբոլին:

Մարզադահլիճների խնդիրը ֆեդերացիային չի վերաբերում, առանց այն էլ օգնում ենք ակումբներին ինչքանով կարող ենք: Ենթակառուցվածքը քաղաքներին է պատկանում, եւ պատկան մարմինները կարող են իրենց ուշադրությունը հրավիրել խնդրին եւ օգնել վերանորոգման հարցերով: Լավ օրինակ է Արցախը: Ստեփանակերտում իրենց ուժերի եւ հնարավորությունների սահմաններում կարգի բերեցին բասկետբոլային հրապարակը: Հիմա այնտեղ մեծ մարզադահլիճ են կառուցում , որը 1-1.5 տարի անց կսկսի գործել: Կարծում եմ՝ Գյումրին եւ Արթիկը նույնպես արժանի են ունենալ թեկուզ համեստ պայմաններ: Այնտեղ գործող ներկայիս պայմաններում հնարավոր չէ խաղալ, բայց մենք այլ ելք չունենք»,-ասաց Արա Պողոսյանը:

ՀԲՖ փոխնախագահը հայտնեց նաեւ, որ կանոնավոր առաջնության ավարտից հետո նախատեսվում է անցկացնել Ա լիգայի բոլոր աստղերի հանդիպում՝ տեղացի ու արտասահմանցի խաղացողներից կազմված հավաքականների միջեւ:

Ա լիգայի առաջին շրջանի ավարտից հետո «Ուրարտուն» 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այլ նորություններ