2017 թվականը Հայաստանի համար աննախադեպ բասկետբոլային տարի էր. վեց հավաքականներ աշխարհի ու եվրոպայի առաջնություններում, ազգային կանոնավոր առաջնություններ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ամփոփեց ավարտվող տարին.
- Ինչպիսի՞ տարի էր 2017 թ. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համար:
- Տարին շատ հաջող էր: Բացի այն, որ ունեցանք վեց հավաքական, ունեցանք նաեւ կայուն մրցելույթներ: Թերեւս, գլխավոր ձեռքբերումն ազգային հավաքականի կայացումն է: Նախորդ տարի հաղթել էինք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Սակայն, դեռ վարկանիշ ձեռք չէինք բերել: Այս տարի խաղալով աշխարհի, ապա Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում, պատմության մեջ առաջին անգամ կարողացանք ընդգրկվել ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում: Սա մեծ հաջողություն է: Երկար տարիներ մեր ֆեդերացիայի նպատակն էր ունենալ կայացած ազգային հավաքական: Այսօր ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում 89-րդը լինելը վկայում է այդ կարեւոր քայլի մասին: Մեր առաջին նպատակն իրագործել ենք: Հիմա կարեւոր է այդ ամենը պահպանել եւ առաջ շարժվել:
Պատանեկան եւ երիտասարդական հավաքականները նույնպես հաջող հանդես եկան: Մ 16 տարեկան աղջիկներն ու տղաները հաղթեցին Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Մ 18 տարեկանների ԵԱ-ի C դիվիզիոնում էլ մեր աղջիկների թիմն արծաթե մեդալ նվաճեց: Այս արդյունքներն ուրախացնում են եւ թույլ տալիս ասել, որ եկող սերունդը կարող է լավ կադրեր տալ մեծահասակների թիմերին:
Երիտասարդական հավաքականը բարձր տեղ չգրավեց, բայց վեց խաղում երեք հաղթանակը վատ արդյունք չէ: Հաշվի առնելով, որ երիտասարդները խաղում էին B դիվիզիոնում, որտեղ մրցակցությունը բավականին մեծ է:
- Հավաքականներում փոփոխություններ կլինե՞ն:
- Փոփոխություններ անպայման կլինեն: Մարզչական նշանակումները կլինեն փետրվարին, քանի որ վիճակահանությունները կայանալու են հունվարին: Այս տարի Մ 16 տարեկանների խաղացողները հաջորդ տարի չեն կարող նույն թիմում հանդես գալ, քանի որ մեծանում են: Այսինքն թիմն ամբողջությամբ փոխվում է: Այս տարիքայինների դեպքում փոփոխություններն անխուսափելի են:
- Արդյո՞ք Նիկշա Բավցեւիչը կշարունակի գլխավորել ազգային հավաքականը:
- Բավցեւիչը մեծ աշխատանք է կատարել: Աշխարհի առաջնության ընտրական փուլում կարող էինք երեքից շատ հաղթանակ տանել, եթե փորձ ունենայինք: Բավցեւիչի մարզչական փորձը նույնպես ավելի մեծ է ակումբային շրջանակներում: Կարծում եմ, որ Նիկշա Բավցեւիչը եւ մեր ազգային հավաքականն ավելի մեծ արդյունքներ կարող են ունենալ: Մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ը՝ ԵԱ-2021-ի ընտրական փուլի ավարտը: Հետո պարզ կլինի:
- Ռայան Բոաթրայթի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ: Հաջորդ տարի նա կլինի՞ ազգային թիմում:
- Բասկետբոլիստների ընտրությունը կատարում է մարզիչը, ապա՝ հիմնավորում իր որոշումը: Այս պահի դրությամբ հստակ որոշում չկա: Եթե մարզիչը նրան հրավիրի, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի:
- Բացի հավաքականներից, այս տարի ֆեդերացիան ունեցավ եւս երկու շատ կարեւոր ձեռքբերում՝ կանոնավոր առաջնություններ ….
- Մեզ համար սա շատ կարեւոր էր, քանի որ երկար տարիներ կանոնավոր առաջնություն չենք ունեցել: Դա պայմանավորված էր միջոցների բացակայությամբ, քանի որ նման առաջնություններն առաջին հերթին միջոցներ են պահանջում: Այս տարի հաջողվեց հովանավորներ եւ բարերարներ գտնել, գոնե երկու առաջնություն ստեղծելու համար: Մեկնարկը բավականին խոստումնալից է: Ե´ւ մեծահասակների, ե´ւ պատանիների խաղերի նկատմամբ հետաքրքրությունը սպասվածից մեծ է: Ամենակարեւորը՝ բասկետբոլիստներն ունեն կայուն խաղային պրակտիկա, ինչը մեր հիմնական նպատակն էր:
Հաջորդ տարի կփորձենք ավելացնել մի քանի տարիքային կանոնավոր առաջնություններ:
- Առաջնությունների առաջին շրջանի ավարտն է: Կխոսե՞ք դրանց մակարդակի մասին:
- Պատանիների դեպքում բավականին մեծ առաջընթաց կա: Մեծահասակների մասին դժվարանում եմ խոսել, քանի որ թիմերի քանակը պետք է ավելացնել: Կան թիմեր, որոնք այս պահին պատրաստ չեն: Պետք է կարողանան գոնե երկու-երեք խաղացողներ հրավիրել, որպեսզի պայքարեն, օրինակ, «Ուրարտուի» դեմ: Սկզբի համար բավականին լավ է:
Երկու առաջնություններին մասնակցում են նաեւ Արցախի թիմերը: Այնտեղ բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում: Երկար ընդմիջումից հետո Արցախում տեղի ունեցան կանոնավոր առաջնության պաշտոնական հանդիպումներ՝ տուն-դուրս ձեւաչափով:
- Ազգային թիմի վերջին խաղերը հաշվի առնելով, կարելի՞ է ասել, որ Ա լիգան ծառայում է իր նպատակին՝ բասկետբոլիստներ մատակարարել հավաքականին:
- Դեռ շատ շուտ է այդ մասին խոսել: Տարիներ են հարկավոր, որպեսզի առաջնությունը կարողանա հավաքականին խաղացողներ տրամադրել: Պարզապես Ա լիգան կարող է լինել հարթակ, որտեղ խաղային պրակտիկա ձեռք կբերեն ազգային թիմի մի շարք խաղացողներ: Մի քանի տասնյակ հայ բասկետբոլիստներ կան արտասահմանում, որոնք ակումբի խնդիր ունեն: Հատկապես Ռուսաստանում, որտեղ լեգիոների սահմանափակում կա: Չնայած նոր օրենք ընդունվել է այդ մասին, բայց ռուսները չեն կատարում, եւ սահմանափակումը մինչ օրս գործում է:
- Արդյո՞ք հաջորդ տարի կպահպանվեն վեց հավաքականները:
- Հաջորդ տարի աղջիկների թիմեր չենք ունենա, քանի որ նպատակահարմար չէ: Մեր հայ աղջիկները հիմնականում Ռուսաստանից են, որոնք փաստի առաջ են կանգնում լեգիոների կարգավիճակի հետ կապված: Եկող տարի ընդմիջում կվերցնենք, 2019 թվականին կհասկանանք՝ ինչպես անել: Լեգիոների կարգավիճակը շատ է բարդացնում գործընթացը, բացի այդ կա նաեւ կանանց ազգային հավաքական ունենալու հարցը: Դա կախված է ֆինանսներից: Այս պահին մեր բյուջեն չի ներում՝ կանանց ազգային թիմ ունենալու համար:
Կարծում եմ, որ տղաների տարիքային բոլոր հավաքականները կշարունակեն մրցելույթները: Այս դեպքում Ռուսաստանից խաղացողներ շատ քիչ ունենք:
- Ի՞նչ ծրագրեր ունի ֆեդերացիան 2018 թվականին:
- 2018 թվականին ունենք մրցավարների եւ մարզիչների նոր սեմինարներ: Կարեւորում ենք մրցավարների քանակի ավելացումը: Փետրվարից կսկսենք նոր ծրագիր, կընդգրկենք նոր մրցավարների: Ինչպես նաեւ, ՖԻԲԱ-ի հետ համատեղ Երեւանում կանցկացնենք սեմինար, որը թույլ կտա մեր մրցավարներին կատարելագործվել:
Երկու միջազգային սեմինար էլ կանցկացնենք մարզիչների համար, քանի որ նրանց դերը շատ կարեւոր է: Առանց լավ մարզչի անհնար է զարգացում ունենալ: Այդ ուղղությամբ եւս ֆեդերացիան մեծ աշխատանքներ է կատարելու: Հույս ունենք, որ մարզերում աշխատող մարզիչները նույնպես կմասնակցեն: