Հակոբ Սերոբյանը՝ մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահի ու Բաքվում կայանալիք մրցաշարերի մասին

15:24 - 05 Դեկ, 2017

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դեկտեմբերի 1-ից 2-ը Խորվաթիայում մասնակցել է մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի (UEG) 27-րդ համաժողովին, որտեղ կայացել են ընտրություններ:

UEG-ի նախագահ ընտրվել է ադրբեջանցի Ֆարիդ Գայիբովը, որը ստացել է 28 ձայն: Քվեարկությանը մասնակցել են եվրոպական 50 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հակոբ Սերոբյանը պատմել է համաժողովի մանրամասների մասին.

«Գերտերությունները կողմ չէին ադրբեջանցի թեկնածուին, ինչպես եւ մենք: Ես քվեարկել եմ նախագահի մյուս թեկնածուի՝ սլովենացի Էդվարդ Կոլարի օգտին, որը սպորտային մարմնամարզության մասնագետ է, օլիմպիական խաղերի չեմպիոնի մարզիչ եւ շատ ավելի լավ կարող է ղեկավարել կառույցը: Ցավոք, նա ստացավ 20 ձայն:

Գայիբովը նույնիսկ ցածրակարգ մարմնամարզիկ չի եղել: Նրա ելույթը միայն փողերի մասին էր:

Ընտրվեցին նաեւ փոխնախագահներ, գործադիր մարմնի անդամներ: Նրանց մեծամասնությունը կողմ չէ Գայիբովին: Ադրբեջանցուն դեմ էր նաեւ Ռուսաստանը: Ռուսները շատ բարձրակարգ մասնագետներ ունեն, որոնք հասկանում են՝ ում եւ ինչու է պետք ընտրել:

Առաջին հերթին մեզ համար վատն այն է, որ Բաքվում անցկացվելու են կարեւոր մրցումներ: Ադրբեջանում լինելու է 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի որակավորման միակ մրցաշարը: Գործադիր մարմնի ներկայացուցիչներին հերթով ասել եմ, որ մենք հավանաբար չենք  կարողանա  Բաքու գնալ եւ սպիտակ քարտի կարիք ունենք: Նրանք սկզբից քմծիծաղ տվեցին, ասելով՝ մի՞թե դուք ուղեգիր նվաճելու խնդիր ունեք: Հետո հասկացան, որ խնդիրը ոչ թե վարկանիշն է, այլ Ադրբեջանը: Նրանք շատ մտահոգվեցին այդ հարցով:  

Բոլորը գիտեն, որ հայ մարմնամարզիկներն ուժեղ են եւ կարող են ուղեգիր ձեռք բերել: Ես նրանց ասել եմ՝ Գլազգոյում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը կտեսնեն մեր տղայի արդյունքը:

Սպիտակ քարտի համար մենք վերջնական կխորհրդակցենք եվրոպական ֆեդերացիայի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝  ինչպես եւ ում դիմել: Հետո ՀԱՕԿ-ի ու Սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ կորոշենք՝ ինչ անել:

Մեր մյուս խնդիրը  2020 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, որը նույնպես  անցկացվելու է Բաքվում: Մենք ունենք 2002 թ. ծնված տղաներ, որոնք այդ ժամանակ կլինեն 18 տարեկան՝ զինակոչային տարիքի: Այդ առաջնությունում  ցույց տված արդյունքներից մեծապես կարող է կախված լինել նրանց մարզական կարիերայի շարունակությունը:  

Այլ երկրում անցկացվող մրցաշարերում եվրոպական ֆեդերացիայի նորընտիր նախագահը կարծում եմ չի կարողանա միջամտել: Դրա համար մեր մարզիկները պետք է մի աստիճան բարձր լինեն մյուսներից»,-ասաց Հակոբ Սերոբյանը:  

 

Այլ նորություններ