Սուսերամարտ. Հայաստանն առանց առաջատարների պարտվեց Վրաստանին

17:20 - 16 Նոյ, 2017

Նոյեմբերի 14-ին եւ 15-ին կայացել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի թիմային բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Վրաստանի թիմը:

Խոցասուսեր զենքազեւում տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են վրացիները: Նրանք մեր տղաներին հաղթել են 45-37 հաշվով: Աղջիկների պայքարում եւս Վրաստանի թիմն ուժեղ է գտնվել: Հայ աղջիկները զիջել են մեկ խոցումի տարբերությամբ՝ 38-39:

Ճկասուսեր զենքաձեւում տղաների մեջ առաջինը Վրաստանի թիմն է: Նրանք մերոնց հաղթել են մեծ առավելությամբ՝ 45-27: Աղջիկների պայքարում 45-41 հաշվով հաղթել  է Հայաստանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն ասաց, որ առաջնությանը չէին մասնակցում մեր առաջատար մարզիկները՝ Մայքլ Հովհաննիսյանն ու Էդուարդ Օվիկյանը, ինչը մեծապես ազդել է արդյունքների վրա.

«Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ սա շատ կարեւոր մրցում էր եւ´ մարզիկների եւ´ մարզիչների համար: Տեսանք մեր սուսերամարտիկների ուժեղ եւ թույլ կողմերը: Արդյունքից իհարկե գոհ չենք: Պետք է հետեւություն անենք եւ աշխատենք շտկել բոլոր թերությունները:

Վրաստանը ներկայացել էր մարտական կազմով: Նրանց ճկասուսերակիր տղաներից մեկն այս տարի Եվրոպայի առաջնությունում (Մ23) մրցանակակիր էր դարձել»,- ասաց Արտաշես Մադոյանը:

2018 թ. Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա Երեւանում, ապրիլի 15-20-ը:

Այլ նորություններ